Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում

Noro Balayan 4

 

Զրուցակիցն է «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի գործընկեր, ներպետական իրավական աշխատանքների գծով Տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորայր Բալայանը:

Պարո՛ն Բալայան, դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում ստեղծել քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին պրոբացիայի ծառայություն: Արդյո՞ք ծառայությունը ստեղծվել է:

ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի թիվ 19 արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը: 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի համաձայն, որպես վերջնաժամկետ, սահմանված էր 2014 թվականը: Ցավոք, պետք է նշել, որ պրոբացիայի ծառայությունը դեռևս չի ստեղծվել:

Արդյո՞ք բոլոր երկրներում պրոբացիայի ծառայությունը գործում է արդարադատության նախարարության կազմում:

Ոչ բոլոր երկրներում է պրոբացիայի ծառայությունը գործում արդարադատության նախարարության կազմում: Կան երկրներ, որտեղ պրոբացիայի ծառայությունը գործում է քրեակատարողական ծառայության համակարգում, կան երկրներ, որտեղ պրոբացիայի ծառայությունը գործում է դատախազության համակագում:

Խնդրում եմ ներկայացնել պրոբացիայի ծառայությունը և ծառայության նպատակը:

«Պրոբացիա» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է փորձաշրջան: Պրոբացիայի ծառայությունը առաջին անգամ ի հայտ է եկել 1823 թվականին Նիդերանդներում և թարգմանաբար կոչվում էր «Դատապարտյալներին հոգեբանական աջակցության հասարակություն», որի կազմում աշխատում էին կամավորության սկզբունքով: Պրոբացիայի ծառայությունը լայն տարածում գտավ եվրոպական երկրներում 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Պետությունները իրենց առջև նպատակ էին դրել ապահովել հանցագործությունների կանխարգելումը և հանցանք կատարած անձանց հասարակությունից չմեկուսացնելը: Պրոբացիայի ծառայության նպատակն է՝ սահմանել որոշակի սահմանափակումներ, չմեկուսացնել անձին հասարակությունից, տրամադրել իրավական, հոգեբանական և սոցիալական աջակցություն՝ խուսափելով հետագայում անձին հասարակություն վերինտեգրելուն:

Վերջերս ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման դրվեց «Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Արդյո՞ք ուսումնասիրել եք նախագծերը և ի՞նչ կարծիք ունեք նախագծերի վերաբերյալ:

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգից: Նախագծերը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ առկա է մի փոքր շտապողականություն: Նախագծերից պարզ է, որ պրոբացիայի ծառայությունը իր գործառույթները հիմնականում իրականացնելու է միայն վերջին երկու փուլերում: Հաշվի առնելով հայ իրականությունը՝ պրոբացիայի ծառայությունը ըստ նախագծի դիտարկվում է պետական ծառայության առանձին տեսակ: Մինչդեռ միջազգային փորձը վկայում է, որ պրոբացիայի ծառայությունը հիմնականում հանդիսանում է քաղաքացիական ծառայության տեսակ: Որպես հետևանք՝ պրոբացիայի մասին առանձին իրավական ակտ՝ մասնավորապես, օրենք բացակայում է: Որպես կանոն, փոփոխություններ և լրացումներ են կատարվում քրեական դատավարության և քրեական օրենսգրքերում, միաժամանակ կառավարության կողմից ընդունվում է պրոբացիայի ծառայության կանոնադրությունը:

Դուք նշեցիք, որ պրոբացիայի ծառայությունը իր գործառույթները հիմնականում իրականացնելու է միայն վերջին երկու փուլերում, իսկ քա՞նի փուլ է առկա:

Եթե նայենք այլ երկրների պրոբացիայի ծառայության գործառույթները, ապա կարող ենք պրոբացիայի գործառույթները, ըստ ժամանակային առումի, բաժանել չորս խմբի՝ մինչդատական, դատական, պենիտենցիար և հետպենիտենցիար:

Կմանրամասնե՞ք յուրաքանչյուր փուլում պրոբացիայի ծառայության գործառույթները:

Պրոբացիայի ծառայությունը մինչդատական փուլում իրականացնում է այլընտրանքային խափանման միջոցներ, ներկայացնում է խորհրդատվական զեկույցներ: Դատական փուլում կրկին ներկայացնում է խորհրդատվական զեկույցներ: Պենիտենցիար փուլում պրոբացիայի ծառայությունը ապահովում է ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, ներկայացնում է խորհրդատվական զեկույցներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ, իսկ հետպենիտենցիար փուլում իրականացնում է վերականգնողական ծրագրեր՝ դատապարտյալի հասարակություն վերինտեգրումը ապահովելու համար: Մի շարք երկրներում, որտեղ պրոբացիայի ծառայությունը արդեն համարվում է կայացած ծառայություն, իրականացնում է ավելի քան քառասուն գործառույթներ: Հատկապես կարևորվում է պրոբացիայի ծառայություն գործառույթները հաշտարարության ոլորտում: Եվ 1999 թվականի ԵԽ նախարարների կոմիտեի կողմից հաստատված փաստաթղթի համաձայն հաշտարարությունը հնարավոր է իրականացնել քրեական գործի քննության յուրաքանչյուր փուլում: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Անգլիայում և սկանդինավյան երկրներում պրոբացիայի ծառայությունը իր լիազորությունների մի մասը պատվիրակել է հասարակական կազմակերպություններին, մասնավորապես, վերինտեգրման ծրագրերի իրականացման հարցում:

Ի՞նչ է պարունակում խորհրդատվական զեկույցները:

Որպես կանոն խորհրդատվական զեկույցները պարունակում են անձի հոգեբանական բնութագրի վերաբերյալ տեղեկություններ, իրավական գնահատականներ, արդյոք անձին հասարակությունից մեկուսացնելը ինչ հետևանքներ կարող է առաջացնել կամ արդյոք անձը կարող է ուղղվել պատիժը կրելով հասարակությունում:

 

Շնորհակալություն

 

Հարցազրույցը վարեց՝ Նաիրա Մարգարյանը

Մեկնաբանություններ