Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 07-ին Հայաստանի դեմ վճիռ է հրապարակել՝ արձանագրելով անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի և խտրականության արգելքի խախտում։ Կառավարությունը պարտավոր է 14 քաղաքացիների փոխհատուցել 28 000 եվրո (յուրաքանյուրին՝ 2000 եվրո)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև՝ 1067 եվրո դատական ծախս։
2014թ․ մայիսի 16-ին «Ազատություն» ռադիոկայանը Facebook-ում անցկացրեց առցանց ասուլիս, որի ընթացքում «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան ժյուրիի անդամներ Ինգա և Անուշ Արշակյանները հայտարարել են, որ իրենք ամենացածր միավորներն են տվել Կոնչիտա Վյուրսթին՝ միասեռական տղամարդուն, ով հաղթել էր այդ տարվա մրցույթում։ Նրանք վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել հաղթող մասնակցի հասցեին։ Ասուլիսի մասնակիցների մի մասը, այդ թվում՝ մի խումբ ակտիվիստներ, մեկնաբանություններ են թողել ֆեյսբուքյան ասուլիսի էջում։
2014թ․ մայիսի 17-ին «Իրավունք» թերթի կայքում տեղադրվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Հոդվածի ներքնի հատվածում տեղադրվել է Արշակյաններին քննադատող ակտիվիստների ֆեյսբուքյան էջի հղումներ, որոնց էլ ուղղված է եղել հոդվածը։ Նշված են մի շարք արտահայտություններ, մասնավորապես՝ «սրանք», «գեյ-քարոզչության դրույթներին հավատացող զոմբի», ինչպես նաև «….Կապ չունի այդ ամենը՝ յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ։ Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ» և այլն։
16 քաղաքացի՝ Գայանե Առուստամյանը, Լիլի Մինասյանը, Աննա Նիկողոսյանը, Աննա Շահնազարյանը, Դավիթ Թադևոսյանը և այլք, խմբային հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իրավունք» թերթի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու, ինչպես նաև 5 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։
Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Ներսիսյանի, հայցը մերժել էր՝ պատճառաբանելով, որ ապացուցված չէ էական փաստերի ողջ համակցությունը՝ կոնկրետ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ հետապնդելու հետ կապված։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել։
Դրանից հետո նրանցից 14-ը դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ թերթում հրապարակված հոդվածը և դրան հաջորդող հոդվածները հավասարազոր են եղել ոտնձգությունների և ատելության խոսքի և միջամտել են իրենց անձնական կյանքին, մինչդեռ պետությունը չի ապահովել այդ կապակցությամբ պաշտպանություն՝ խախտելով Եվրոպական Կոնվենցիայի համապատասխան դրույթները։
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության դիրքորոշումն այն էր, որ ներպետական դատարաններն իրենց որոշումներով հիմնվել են նախադեպային իրավունքի վրա, ըստ որի՝ պաշտպանվում են նաև վիրավորող, ցնցող կամ անհանգստացնող գաղափարները՝ որպես խոսքի ազատության դրսևորում։ Բացի այդ, նշեն են, որ դիմումատուները չեն կարողացել ապացուցել, որ իրենք ենթարկվել են խտրականության։
ՄԻԵԴ-ը նշել է, որ «անձնական կյանք» հասկացությունը լայն տերմին է, որը ենթակա չէ սպառիչ սահմանման: Այն ընդգրկում է անձի ֆիզիկական և հոգեբանական ամբողջականությունը, հետևաբար, կարող է ներառել մարդու ֆիզիկական և սոցիալական ինքնության բազմաթիվ ասպեկտներ։ Անձի սեռական կողմնորոշումը և սեռական կյանքը վերաբերում է անձնական ոլորտին։
ՄԻԵԴ-ի վճռում նշված է, որ 2014թ. մայիսի 17-ին հրապարակված հոդվածը պարունակել է ԼԳԲՏ անձանց նկատմամբ թշնամանք և հարձակում նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների վրա։
«Դատարանը կասկած չունի, որ նման արտահայտություններն ազդել են դիմումատուների հոգեբանական բարեկեցության, արժանապատվության և հեղինակության վրա և լուրջ ոտնձգություն են հանդիսանում Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված նրանց իրավունքների նկատմամբ, որոնք ակնհայտորեն մտնում են այդ դրույթի շրջանակում»,-նշել է ՄԻԵԴ-ը։
Կոնվենցիայի 8-րդ հոդվածը վերաբերում է անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին։ ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտումից բացի արձանագրել է նաև 14-րդ հոդվածի խախտում, որը վերաբերոււմ է խտրականության արգելքին։