2024 թվականի նոյեմբերի 21-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։
Օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես, սահմանում են կրիպտոակտիվների հասկացությունը և կարգավորում են դրանց հետ կապված իրավահարաբերությունները:
-Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, և որը կարող է փոխանցվել և պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով։
-Օրենքի խախտմամբ, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումն առ ոչինչ է։
-Անձը կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում՝
-ապակենտրոնացված գրանցամատյանում, դրա կանոնների համաձայն, կրիպտոակտիվ ստացող անձի հասցեում գրանցման պահից, եթե կրիպտոակտիվ ստացող անձը կամ նրա նշած անձն օրինական տիրապետում է կրիպտոակտիվին հասանելիություն ապահովող միջոցին․
օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվի պահառուի մոտ կրիպտոակտիվն ստացող անձի անունով գրանցման պահից:
– Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք)։
Սույն պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առ ոչինչ է:
Հիշեցնենք նաև, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման համաձայն՝ կրիպտոակտիվի օտարման կամ դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դիմաց վճարումն ու վճարման ստացումն իրականացվում են բացառապես անկանխիկ եղանակով, անկախ գումարի չափից։ Սույն կարգավորումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։