Ապրանքների զուգահեռ ներմուծում

Ապրանքային նշանը՝ որպես ապրանքների ու ծառայությունների անհատականացման միջոց, ունենալով խոր պատմական հիմքեր, վերջին երկու դարի ընթացքում մրցակցային շուկայական հարաբերությունների ու մտավոր սեփականության իրավունքի զարգացման պայմաններում ձեռք է բերել մեծ դերակատարություն բիզնեսում։  Ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և/կամ ծառայություններն այլ անձի ապրանքներից և/կամ ծառայություններից տարբերելու համար։ Սեփականության ձևերի և շուկայում ապրանքների բազմազանության արդյունքում անհատականացնող միջոցները  դառնում են տնտեսության անբաժանելի մասը։ Հայաստանում ապրանքային նշանները իրավական պահպանություն են ձեռք բերում պետական գրանցման կամ ապրանքանիշը Հայաստանում հանրահայտ ճանաչելու հիման վրա։ Ապրանքային նշանի իրավատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք։ Ապրանքային նշանները, հանդիսանալով կապող օղակ արտադրողի և գնորդի, արտադրության և սպառման միջև, համր վաճառողի դեր են կատարում՝ իրենց կայուն դերն ու տեղը ունենալով շուկայական հարաբերություններում։ Հաշվի առնելով ապրանքային նշանների ունեցած մեծ դերակատարությունը շուկայում ապրանքի իրացման և առաջխաղացման գործընթացում՝ արդիական է դրանց իրավական պաշտպանության ապահովումը, ինչպես նաև «ապրանքների զուգահեռ ներմուծման» ինստիտուտի ուսումնասիրությունը, որը հայտնի է նաև ինչպես «մոխրագույն ներմուծում/ մոխրագույն ապրանքների շուկա» հասկացություններով։

Ապրանքների զուգահեռ ներմուծումը կամ մոխրագույն շուկայի ապրանքները դրանք այն ֆիրմայի, բրենդի ապրանքներն են, որոնք ներմուծվում են շուկա և սպառվում են այդ շուկայում առանց այդ ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնության։

Զուգահեռ ներմուծումը բազմակողմանի երևույթ է, որի կարգավորումը պահանջում է սպառողների, հեղինակային իրավունքի կրողների, ներդրողների, դիստրիբյուտորների, պետական կարգավորման մարմինների հետաքրքրությունների համակցում:

Շատ կարևոր է տարբերակել զուգահեռ ներկրման ապրանքները կեղծ ապրանքներից, քանի որ զուգահեռ ներմուծման պարագայում արտադրանքը կեղծ չէ, այդ ապրանքները արտադրված են հենց իսկ ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից,  արտադրվում են հենց իսկ նրա համար կամ նրա կողմից տրված լիցենզիայի հիման վրա, սակայն ապրանքները նախատեսված չեն օրինակ որևիցե իքս տարածաշրջանում վաճառելու համար:

Գոյություն ունի ապրանքների սպառման երկու ռեժիմ ազգային/տարածքային և միջազգային։

Ազգային կամ տարածքային սպառումը իրենից ներկայացնում է այն համակարգը, որն ապրանքային նշանի սեփականատիրոջ իրավունքներն ապրանքային նշանի նկատմամբ սպառված է համարում տվյալ երկրի կամ տարածաշրջանի համար, երբ այն ապրանքները, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը, թողարկվել են տվյալ երկրի կամ տարածաշրջանի շուկայում ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությամբ: Սպառումը չի տարածվում այլ երկրների կամ տարածաշրջանների վրա, ինչը հնարավորություն է տալիս սեփականատիրոջը պաշտպանել ապրանքային նշանի նկատմամբ իր իրավունքները՝  այլ շուկաներում այդ ապրանքների չարտոնված վաճառքը կանխելու համար։

Միջազգային սպառման համաձայն,  եթե ապրանքները, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը, շուկա են հանվել աշխարհի ցանկացած վայրում ապրանքային նշանի սեփականատիրոջ կողմից կամ սեփականատիրոջ համաձայնությամբ, ապա իրավատերը դրանով սպառում է այդ ապրանքային նշաններով մակնշված ապրանքների հետագա վաճառքի, վերավաճառքի կամ տեղաշարժի նկատմամբ իր իրավունքները աշխարհի ցանկացած կետում:  Կարևոր է անդրադառնալ այն փաստին, որ մի շարք իրավական կարգավորումների համաձայն միջազգային սպառումը  չպետք է կիրառվի զուգահեռ ներմուծման նկատմամբ՝ առանց հստակ ապացույցների, որ ապրանքային նշանի սեփականատերը բացահայտ համաձայնություն է տվել նման ներմուծման համար, և  ապացուցման բեռը պետք է ընկած լինի այն կողմի վրա, որը ձգտում է ապացուցել նման համաձայնութան առկայությունը։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության  իրավական կարգավորումներին՝ 2018 թվականի հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունը ընդունել է և միացել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին, որի 26-րդ հավելվածի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրությունը մտել է ուժի մեջ։

Նշված հավելվածի համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ ապրանքների զուգահեռ առևտուրը սահմանափակվել է, և միայն ԵՏՄ Պայմանագրի անդամ երկրներին է թույլատրելի և միայն նրանց է իրավունք տրվել զուգահեռ ապրանքների ներմուծումը, մինչդեռ երրորդ երկրից ապրանքների ներմուծման դեպքում պահանջվում է ԵՏՄ տարածքում պաշտպանվող ու համապատասխան ռեեստրում գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը։

Այսպիսով, 2018 թվականից ՀՀ-ում սկսել է գործել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքը։ Մինչև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին 26-րդ հավելվածի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության  ուժի մեջ մտնելը հարցը կարգավորվում էր «Ապրանքային նշանների մասին» օրենքով, համաձայն որի ՀՀ-ում գործում էր ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների սպառման միջազգային սկզբունքը։ «Ապրանքային նշանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն. «1. Գրանցված ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում:»։

Ուստի կարող են հստակորեն նշել, որ  առանց ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնության երրորդ երկրից, որոնք չեն հանդիսանում ԵԱՏՄ անդամ, ՀՀ ցանկացած ապրանքի ներկրումը նրանց կողմից արգելվում է, եթե տվյալ ապրանքային նշանը գրանցված է վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում:

 Բոլոր այն սուբյեկտները, որոնք հանդիսանում են տնտեսվարող սուբյեկտներ և մաքսային սահմանով տեղափոխում  են վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում կամ այլ կերպ ասված՝ ռեեստրում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքներ, պարտավորություն են կրում նախապես ձեռք բերելու ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունն ու  գրավոր թույլտվությունը։

Այսպիսով, հաշվի առնելով, որ  քննարկվող ինստիտուտը քիչ թե շատ նոր է ՀՀ իրավական համակարգում, ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների մեկնաբանությունների վերաբերյալ ՀՀ-ում չկա ձևավորված դատական պրակտիկա, ինչպես նաև չկան հստակ վերլուծություններ կամ մեկնաբանություններ, նախադեպային որոշումներ, իրավակիրառ պրակտիկայում առկա են բազում խնդիրներ ու ինստիտուտի ոչ միատեսակ կիրառման դեպքեր:

Որպեսզի խնդիրներն ավելի տեսանելի լինեն, անդրադառնանք ինստիտուտի կիրառական մասին։ ՀՀ օրենսդրության համաձայն մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողը, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունք ունեցող որևէ այլ անձ, ինչպես նաև վերջիններիս իրավահաջորդը կամ ներկայացուցիչը (այսուհետ` իրավատեր), որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Միության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներ, կարող է վերադաս մաքսային մարմին ներկայացնել դիմում (այսուհետ` կասեցման դիմում)` մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բաց թողնումը կասեցնելու խնդրանքով: Նման գրանցում իրականացնելուց հետո մաքսային մարմինը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավատիրոջ իրավունքների խախտման նշաններ հայտնաբերելու դեպքում  10 աշխատանքային օր ժամկետով կասեցնում է ապրանքների բացթողումն ու մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում ապրանքային նշանի իրավատիրոջը։ Վերջինս մաքսային մարմնի թույլտվությամբ իրավունք ունեն փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու  ապրանքներից, տեսազննել, լուսանկարել կամ որևէ այլ կերպ արձանագրել ապրանքները: Ընդ որում, իրավատիրոջ կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձի դիմումի հիման վրա սահմանված տասնօրյա ժամկետը մաքսային մարմինը երկարաձգվում է ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով։ Նշված դիմումի ներկայացման դեպքում  իրավատերը պարտավոր է եռօրյա ժամկետում, գրավով կամ այլ երաշխիքով ապահովել ապրանքների բաց թողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները հատուցելու իր պարտավորությունը, որը հավասար է կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսին:

Ապրանքի բաց թողնումը կասեցնելու մասին որոշումը ենթակա է չեղյալ համարման, իսկ ապրանքները` սույն օրենքով սահմանված կարգով բաց թողնման, եթե ապրանքների բաց թողնման կասեցման մասին իրավատիրոջը տեղեկացնելուց հետո վերը նշված ժամկետում կասեցման մասին որոշում կայացրած մաքսային մարմինը չի տեղեկացվում, որ հարցի վերաբերյալ ըստ էության այլ որոշում կայացնելու նպատակով գործը հանձնված է դատական մարմիններ, և դատարանը ձեռնարկել է ապրանքների բաց թողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոց (ժամանակավոր միջոց): Հայցի ապահովման՝ ժամանակավոր միջոցի կիրառման պահից ապրանքները պահվում են մաքսային պահեստում մինչև դատական գործով վեճն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը։

Հայցի ապահովման կիրառման պահից սկսած պրակտիկայում հանդիպում են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը օրենսդրական բացերի, մյուսը՝ իրավական ակտերի տարընթերցումների հետևանք են։ Նշված խնդիրներից է, օրինակ, ապրանքների ներկրումը կասեցնելուց ու դատական ակտով խախտման փաստը արձանագրելուց հետո նշված ապրանքների հետագա ճակատագրի որոշման իրավական խնդիրը։  

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 3-րդ մասի ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝ 1) այդ ապրանքային նշանի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում. 2) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը կամ այդ ապրանքային նշանով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը. 3) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը. 4) այդ նիշի կիրառումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով. 5) այդ ապրանքային նշանի օգտագործումն ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեն անվանումներում։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1178-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել խախտումը և ապրանքային նշանի իրավատիրոջը հատուցել պատճառած վնասները:

 2. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կատարելու անհնարինության դեպքում համապատասխան ապրանքը ենթակա է ոչնչացման օրենքով սահմանված կարգով»:

Իրավակիրառ պրակտիկայում նշված նորմը հաճախ մեկնաբանվում է այնպես, որ ապրանքների ոչնչացման օրենսդրական հնարավորությունը վերաբերում է միայն կեղծ ապրանքներին ու ոչ թե օրիգինալ ապրանքներին, որոնց ներկրման համար ներկրողը չի ունեցել իրավատիրոջ համաձայնությունը, սակայն ապրանքները կեղծ չեն։  Նշված խնդրի շուրջ իրավական ակտի մեկնաբանման միասնական պրակտիկա կամ Վճռաբեկ դատարանի դիրքորոշում չկա, ինչը տնտեսվարողների համար իրավական որոշակիության տեսանկյունից դատական պաշտպանությունը դարձնում է անկանխատեսելի։

Նշված խնդրի շուրջ հետաքրքիր է օտարերկրյա փորձը, որի ուսումնասիրության շրջանակներում կանդրադառնանք ՌԴ Սահմանադրական դատարանի և Մոսկվայի արբիտրաժային դատարանի մեկնաբանություններին, Սինգապուրի իրավական կարգավորումներին և Ֆրանսիայի կողմից ապրանքների զուգահեռ ներմուծման վերաբերյալ մեկնաբանություններին։

 «Եվրասիական տնտեսական միության մասին» (ԵԱՏՄ) պայմանագրի 26-րդ հավելվածի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 12-րդ կետի համաձայն. «Ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան օգտագործելու ապրանքային նշանը և տնօրինելու այդ բացառիկ իրավունքը, ինչպես նաև իրավունք ունի այլ անձանց արգելելու համանման ապրանքների և (կամ) ծառայությունների առնչությամբ օգտագործել այդ ապրանքային նշանը կամ շփոթելու աստիճան դրան նման նշումներ»:

Նույն արձանագրության 5-րդ «Ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը» վերտառությամբ բաժնի 16-րդ կետի համաձայն. «Անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը, համաձայն որի տվյալ ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների առնչությամբ, որոնք իրավաչափորեն դրվել են քաղաքացիական շրջանառության մեջ ցանկացած անդամ պետության տարածքում անմիջականորեն ապրանքային նշանի և (կամ) Միության ապրանքային նշանի իրավատիրոջ կամ վերջինիս համաձայնությամբ այլ անձանց կողմից, ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում։»։

Ուստի ուսումնասիրելով և վերլուծելով ԵԱՏՄ պայմանագրի 26-րդ հավելվածով ամրագրված դրույթները և դրանք զուգորդելով ՌԴ քաղաքացիական оրենսգրքով սահմանված դրույթներին՝ ՌԴ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման ազգային սկզբունքը պետք է կիրառվի միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի 26-րդ հավելվածով ամրագրված ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման հետ փոխկապակցված, ինչը սակայն չի բացառում ՌԴ դատարանների իրավունքը՝ չբավարարելու առանց ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնության ներմուծված ապրանքները շրջանառությունից հանելու և ոչնչացնելու վերաբերյալ ներկայացված պահանջը ապրանքների այն խմբաքանակի վերաբերյալ, որը թողարկվել է անմիջապես ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից կամ վերջինիս համաձայնությամբ այլ անձի կողմից և որը оրինական կերպով դրվել է շրջանառության մեջ Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս։

ՌԴ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ չի թույլատրվում կիրառել համանման իրավական հետևանքներ այն դեպքերում, երբ ներմուծվել են այնպիսի ապրանքներ, որոնց վրա՝

  • ապրանքային նշանը զետեղվել է անմիջականորեն ապրանքային նշանի իրավատիրոջ կամ վերջինիս համաձայնությամբ այլ անձի կողմից, և
  • այն դեպքերում, երբ ներմուծվել է կեղծ ապրանք (այնպիսի ապրանք, որի վրա ապրանքային նշանը զետեղվել է ոչ ապրանքային նշանի իրավատիրոջ կամ վերջինիս համաձայնությամբ այլ անձի կողմից)։

Այս ամենից բխում է, որ այն դեպքերը, երբ ներմուծված ապրանքի վրա ապրանքային նշանը զետեղվել է անմիջապես ապրանքային նշանի իրավատիրոջ կամ վերջինիս համաձայնությամբ այլ անձի կողմից, չեն համարվում ապրանքային նշանի կեղծում, հետևաբար դրանց իրավական հետևանքները չեն կարող համանման լինել կեղծ ապրանքի ներմուծման իրավական հետևանքներին։

Վերադառնալով և համեմատականներ տանելով ՀՀ օրենսդրությանը՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ որևիցե կերպ արգելված չէ ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից արտադրված արտադրանքի ներմուծումը ԵԱՏՄ-ից, այդ թվում նաև երրորդ երկրի տարածք՝ նույնիսկ ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնության բացակայության պայմաններում, եթե տվյալ ապրանքն արդեն իսկ օրինական ճանապարհով շրջանառվում է այլ երկրում։ 

ԵԱՏՄ օրենսդրությամբ զուգահեռ ներմուծման վերաբերյալ դրույթների ամրագրումը բխում է նաև այն հանգամանքից, որ ԵԱՏՄ տարածքը հռչակվել է՝ որպես մեկ միասնական մաքսային տարածք, և տրամաբանական է անդամ պետությունների տարածքում զուգահեռ առևտրի հնարավորության ամրագրումը, ինչը սակայն չի ենթադրում երրորդ երկրներից ներկրված ապրանքների պարագայում դրա արգելք։ 

Ապրանքային նշանի իրավատերը կրում է բացառիկ իրավունք երրորդ անձանց արգելելու իր ապրանքային նշանների ապօրինի օգտագործումը, առանց իր համաձայնությամբ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը ՀՀ տարածք։

ԵԱՏՄ Պայմանագրի 26-րդ հավելվածի, Արձանագրության 5-րդ «Ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունք» վերտառությամբ բաժնի 16-րդ կետով արգելվում է երրորդ երկրից զուգահեռ ներմուծումը։ Տվյալ իրավունքների սահմանման մեջ որևիցե կերպ չի սահմանափակվում, որ խոսքը վերաբերելի է միայն կեղծ արտադրությանը:

Ուստի ենթադրելի է, որ նման կարգավորումները կարող են վերաբերելի լինել նաև ապրանքների զուգահեռ ներմուծման պարագայում։

ՌԴ Սահմանադրական դատարանը, վերլուծելով ԵԱՏՄ և ներպետական օրենսդրական կարգավորումները՝  հստակ տարանջատել է կեղծված արտադրանքի և ոչ կեղծ, սակայն առանց իրավատիրոջ համաձայնության ներմուծված արտադրանքի ներմուծման իրավական հետևանքները՝ սահմանելով առանց իրավատիրոջ համաձայնության ներմուծված և կեղծ չհամարվող արտադրանքը շրջանառությունից հանելու և ոչնչացնելու հստակ չափանիշներ։

Նշենք, որ ՌԴ Սահմանադրական դատարանի կողմից առկա են մի շարք որոշումներ, որոնցով ևս թույլատրվում է զուգահեռ ներմուծումն ու առևտուրը։

Անդրադառնալով Սինգապուրի իրավակիրառ պրակտիկային՝ Սինգապուրը հետևողականորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, ըստ որի խրախուսվում է զուգահեռ ներմուծումը այն հիմքով, որ դա ձեռնտու է սպառողներին, մյուս կողմից նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը։ Հիմնական խոչընդոտը, որին բախվում են ապրանքային նշանների սեփականատերերը զուգահեռ ներմուծողների նկատմամբ իրենց իրավունքների պաշտպանությունն ապահովելու փորձի ժամանակ, իրավունքների սպառումն է։ Սինգապուրի դատական պրակտիկայի համաձայն գրանցված ապրանքային նշանի օգտագործումը վերաբերում է այն ապրանքներին, որոնք ապրանքային նշանի սեփականատիրոջ կողմից “թողարկվել են շուկա” իր բացահայտ կամ ենթադրյալ համաձայնությամբ («իրավունքների պաշտպանության սպառում»): Պատճառն այն է, որ իրավունքների պաշտպանության սպառումը թույլատրում է զուգահեռ ներմուծումը։ Սինգապուրի դատարանները տվել են հստակ մեկնաբանությունները՝ համապատասխան “շուկան” արտասահմանյան շուկա է, որտեղ ապրանքներն առաջին անգամ վաճառվել են:

Հետևաբար, եթե ապրանքները սկզբում «դուրս են բերվել (արտասահմանյան) շուկա» ապրանքանիշի սեփականատիրոջ համաձայնությամբ, այն այլևս չի կարող առարկել դրանց վաճառքի դեմ, եթե հետագայում դրանք առաքվեն Սինգապուր զուգահեռ ներմուծողի կողմից:

Սույն գործով Սինգապուրի Գերագույն դատարանը վճռել է, որ արտահայտությունը ՝ «դուրս բերել շուկա» պետք է ներառի առևտրային և տնտեսական տեսանկյունից ապրանքային նշանի արժեքի իրականացում։ Սա վերաբերելի է յուրաքանչյուր իրավիճակի, և հաշվի չի առնվում թե երրորդ կողմը ձեռք բերել է իրավունք տնօրինելու ապրանքային նշանը թե ոչ։ Դատարանը եզրակացրել է, որ «շուկա ապրանքների թողարկման» նպատակը տնտեսական արժեքի իրականացումն է, տարբեր երկրների սպառողական շուկա ներթափանցելն է, ապրանքանիշի իրազեկության բարձրացումն ու հեղինակության իրավունքի պաշտպանությունն է, ինչպես նաև ստացվող եկամուտը։ Ավելի բառացի՝ ապրանքի շուկա դուրս գալը իրականանում է միայն այն իրավիճակում, երբ վերափաթեթավորող և շուկա դուրս բերողը ստանում է որևիցե եկամուտ, քանի որ կան նաև այլ դեպքեր, երբ շուկա է դուրս բերվում օրինակ նվերի նպատակով կամ օրինակ որևիցե մրցանակաբաշխության նպատակով:

Սինգապուրի Գերագույն դատարանը սույն գործի շրջանակներում անդրադարձել է նաև ապրանքային նշանի սեփականատիրոջ կողմից տրված երրորդ երկրներ զուգահեռ ներմուծման համաձայնության ձևին։ Համաձայն դատարանի դիրքորոշման՝ համաձայնությունը համարվում է տրված, եթե թույլտվությունը տրվել է բառացի, հստակ և անսխալ, այն կարող է լինել թե՛ գրավոր, թե՛ բանավոր։ Ինչպես նաև թույլտվությունը համարվում է հանձնված, եթե ապրանքային նշանի սեփականատիրոջ վարքագծից ակնհայտ երևում է, որ նա որևիցե առարկություններ չունի և համաձայն է ապրանքների զուգահեռ ներմուծմանը երրորդ երկրներ։ Գերագույն դատարանը նաև նշել է, որ նույնիսկ եթե շուկայում առաջին տեղաբաշխման համար սեփականատիրոջ համաձայնությունը պայմանական էր, այլ ոչ թե անվերապահ, նման համաձայնությունը, միևնույն է, կդիտվի որպես վավեր ՝ իրավունքների պաշտպանության միջոցների սպառման դեպքում:

Ուստի վերոգրայլից կարող ենք ասել, որ հիմնականում Սինգապուրում ապրանքների զուգահեռ ներմուծումը թույլատրելի է, քանի որ այն նախ ձեռնտու է սպառողներին և այն նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը (գործի մանրամասները կարող եք տեսնել Samsonite IP Holdings Sarl-ի վերջին որոշմամբ, An Sheng Trading Pte Ltd-ի դեմ [2017] SGHC0) ։

Անդրադառնալով Ֆրանսայի պրակտիկային՝ նշենք, որ Ֆրանսիայում մաքսատունը կենտրոնացված է միայն կեղծ ապրանքների արտադրանքի վրա, և արգելող կամ սահմանափակող նորմերը տարածվում են միայն կեղծ արտադրանքների վրա։     

Ֆրանսայի իրավական կարգավորման համաձայն՝ սեփականատերը վերականգնում է ապրանքի առևտրայնացման դեմ առարկելու իր իրավունքը, եթե նա ցույց տա օրինական պատճառը, օրինակ, եթե ապրանքը վնասվել է կամ փոփոխվել է այն բանից հետո, երբ այն հանվել է շուկա: Ֆրանսիայում թույլատրելի է ապրանքների զուգահեռ ներմուծման համակարգը, և զուգահեռաբար կարող է կանխել չթույլատրված ապրանքի ներմուծումը, իսկ օրենսդրությամբ հստակ նշված են, թե խախտումների պարագայում ինչ հետևանքների կարող ենք բախվել։

Այսպիսով, անդրադառնալով երրորդ անձանց կողմից առանց ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնության ՀՀ ներմուծվող օրիգինալ ապրանքների ճակատագրի վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումներին ու պրակտիկային, անհրաժեշտ է ընդգծել, որ  բացակայում է ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հասկացությունը, օրենսդրական ձևակերպումները անդրադառնում են օգտագործման եղանակներին ու ապօրինի օգտագործման իրավական հետևանքներին։  Ուստի կարծում ենք տնտեսվարողների իրավունքների արդյունավետ իրացման, վերջիններիս համար կանխատեսելի իրավական հետևանքների ապահովման նպատակով անհրաժեշտ է օրենքով հստակ սահմանել ԵԱՏՄ տարածք ապրանքների զուգահեռ ներկրման դեպքում կեղծ ապրանքների ոչնչացման հստակ մեխանիզմներ ու ընթացակարգեր, առանց իրավատիրոջ համաձայնության ներկրվող օրիգինալ ապրանքների հետագա ճակատագրի որոշման օրենսդրական հստակ մեխանիզմներ, դատական վեճի ընթացքում մաքսային պահեստում գտնվող ապրանքների հնարավոր տնօրինման կամ պահման պայմանների փոփոխություն հնարավորություն սահմանող կարգավորումներ, ներառյալ դատավարական ներգործության միջոցներ, նշված գործերի քննության համար սահմանել դատավարական հատուկ կանոններ և այլն։ Նշվածը կարգավորումների առկայության դեպքում տնտեսվարողները կունենան իրավական կանխատեսելիություն, կկարողանան հստակ գնահատել բիզնես ռիսկերն ու կանխատեսել իրենց գործողությունների կամ անգործության հնարավոր բացասական ազդեցությունը իրենց բիզնես վրա։

Վերլուծության հեղինակ՝ «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի կրտսեր իրավաբան
Ալվինա Վարդանյան

Մեկնաբանություններ