Ադրբեջանը խախտել է գերության մեջ հայտնված Խոջոյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել  է «Խոջոյանը և Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։

Սույն գործով Դիմումատուներն են Հասմիկ Խոջոյանը, Հեղինե Վարդազարյանը և Հայկազ Խոջոյանը (այժմ մահացած), ովքեր Հայաստանի քաղաքացիներ են՝ ծնված համապատասխանաբար 1964, 1967 և 1959 թթ.-ին։

Գործը վերաբերում է Դիմումատուների հոր՝ Մամիկոն Խոջոյանին, ով գերեվարվել ու խոշտանգվել էր Ադրբեջանի կողմից 2014թ-ի սկզբին։ Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ էր։ Նա տնից դուրս էր եկել 2014 թվականի հունվարի 28-ի առավոտյան ու հայտնվել ադրբեջանական գերության մեջ։ Երկու օր անց ադրբեջանական կողմը հաղորդել է, որ իբրև նա հայկական դիվերսիոն խմբի զինված գլուխն է և կալանավորված է։ Նա Հայաստանի իշխանություններին է հանձնվել 2014 թվականի մարտի 4-ին և տասը շաբաթ անց մահացել տանը։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումներիի արգելում), 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածները՝ Դիմումատուները պնդել են, որ իրենց հայրը գերության մեջ լինելու ընթացքում ենթարկվել է խոշտանգումների, դաժան ծեծի, նրան պահել են թմրամիջոցների ներարկումներով և այլն։ Այդ ամենը վտանգ է ներկայացրել նրա կյանքի համար, բայց պատշաճ չի հետաքննվել։ Դիմումատուները բողոքել են, որ իրենց հայրը ապօրինի զրկվել է ազատությունից, բայց նրանք չեն ունեցել արդյունավետ իրավական պաշտպանության միջոց, և որ խախտումները տեղի են ունեցել էթնիկ ծագման խտրականության հետևանքով։

ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի, 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի խախտումներ։

Դատարանը կասկածի տակ չի դրել Դիմումատուների կրած ապրումները և դժվարությունները՝ կապված իրենց հոր գերության հետ: Դատարանը նաև գտել է, որ Դիմումատուն գերի ընկնելուց և կալանքի վերցվելուց հետո ենթարկվել է խոշտանգումների, որոնք չեն հետաքննվել պատասխանող պետության կողմից։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է Դիմումատուներին վճարի 40,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Մեկնաբանություններ