Լյուքսեմբուրգում Եվրամիության արդարադատության դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է որպես տուգանք օրական մեկ միլիոն եվրո վճարել Եվրահանձնաժողովին՝ դատավորների կարգապահական պալատի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը չկատարելու համար:
Դատարանը հուլիսին որոշել է, որ Լեհաստանի կարգապահական պալատը չի երաշխավորում դատական անաչառություն և կարգադրել է կասեցնել դրա գործունեությունը։ Դատարանի կարծիքով, կարգապահական պալատը թույլատրում է դատավորներին չպահպանել քաղաքական անկախություն, ինչն էլ սպառնում է Եվրամիության իրավական կարգին, ինչպես նաև այն արժեքներին, որոնց վրա հիմնված է միությունը։ Դատարանի որոշմամբ, կարգապահական պալատի գործունեությունն անհամատեղելի է դատական համակարգի անկախության և անաչառության վերաբերյալ ԵՄ նորմերի հետ։
Ավելի վաղ, Լեհաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է ներքին օրենսդրության գերակայությունը Եվրամիության օրենքների նկատմամբ՝ հիմնավորելով, որ ԵՄ օրենսդրության որոշ դրույթներ անհամատեղելի են Լեհաստանի սահմանադրության հետ, և հակասությունների դեպքում գերապատվությունը պետք է տրվի ներքին օրենքներին։
Դեռևս 2020 թվականի ապրիլին Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ նոր հետաքննություն է սկսել՝ կապված այս երկրում դատական համակարգի բարեփոխման հետ և Վարշավայից պահանջել է համակարգը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին։
Վարշավայում այս որոշումը համարում են ուզուրպացիա և շանտաժ։ Նման իրավիճակը կոշտ քննադատության է արժանացել տարբեր երկրների կողմից, իսկ Եվրահանձնաժողովը սկսել է Վարշավայի դեմ հայց նախապատրաստել։