Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական քաղաքականությունը որպես թիվ մեկ մարտահրավեր. Տարոն Սիմոնյան

Արտաքին մարտահրավերների, դրանց դիմակայելու և չեզոքացնելու ռազմավարության մասին զրուցել ենք իրավաբան, ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հետ:

– Պարո՛ն Սիմոնյան, Ձեր կարծիքով այսօր ո՞րն է մեզ համար արտաքին անվտանգային թիվ մեկ մարտահրավերը։

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային թիվ մեկ մարտահրավերը Ադրբեջանի և Թուրքիայի՝ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության կենսական շահերի դեմ ուղղված համատեղ ռազմավարությունն է։

Այս երկու պետությունների նվազագույն նպատակը ողջ Արցախի Հանրապետության և ՀՀ տարածքի մի մասի զավթմամբ Թուրքիա – Ադրբեջան ցամաքային կապի ստեղծումն է։ Նրանց առավելագույն նպատակը ՀՀ-ի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի վերացումն է։ 

Այս ռազմավարության իրականացման հիմնական ուղիներ են

  • ՀՀ-ի և ԱՀ-ի ներքին ռեսուրսների հյուծում՝ տնտեսական անկում, ներքաղաքական անկայունություն, բնակչության թվաքանակի շարունակական նվազում,
  •  գործընկերների հետ ՀՀ դաշնակցային հարաբերությունների քայքայում,
  • միջազգային կազմակերպությունների կամ առանձին պետությունների կողմիցհայկական երկու պետությունների նկատմամբ հնարավոր ճնշման ձեվավորում  կամ դրա ավելացում։

– Իսկ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք այսօր ունենք այս ասպարեզում։

– Ներքին ռեսուրսների թուլացում՝

  • բնակչության թվաքանակի անկում,
  • տնտեսության անկում,
  • ներքաղաքական անկայունություն,
  • բնակչության բարոյահոգեբանության ոլորտում անհամերաշխության և միասնականության խարխլման գործընթացներ։

Արտաքին քաղաքականությունում պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքներում զգոնության թուլացում կամ սխալ մարտավարություն՝

  • Եվրոպական կառույցներում Արցախի հիմնախնդրի շուրջ հակահայկական բանաձևերի ընդունում,
  • Ադրբեջանական լոբբինգի աշխատանքների ակտիվացում ԵՄ անդամ պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների, միջազգային կազմակերպություններում այլ պետությունների ներկայացուցիչների հետ,
  • Միջազգային հեղինակավոր ԶԼՄ֊ներում հակահայկական նյութերի տպագրություն,
  • Ռուսաստանի հետ հարաբերություններում հավելյալ խնդիրների առաջացում,
  • ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների ներուժի թուլացման և ՀՀ-ի հետ նրանց փոխգործակցության արդյունավետության անկման միտումներ:

– Այդ պարագայում ո՞րը պետք է լինի մեր ռազմավարություն։

Այս մարտահրավերին դիմակայելու և այն չեզոքացնելու համար անհրաժեշտ է կանոնակարգված և ամենօրյա աշխատանք ներքին և արտաքին քաղաքականության բոլոր հիմնական ուղղություններով՝ ինչպես պետական, այնպես էլ հանրային ներուժի ամբողջական և արդյունավետ օգտագործմամբ։

Հայկական երկու պետությունների անվտանգության ապահովման համար կենսական նշանակություն ունեն ներքին արդյունավետ կառավարումը և Հարավային Կովկասում ներգրավված արտաքին դերակատարների շահերի հաշվառմամբ վերջիններիս հետ արդյունավետ հարաբերությունների կառուցումը։   

Պետության ներսում արդյունավետ կառավարման գերակա նպատակը ներքին ռեսուրսների շարունակական աճն է՝ բնակչության թվաքանակի անկման կանխում և աճի հիմքերի ձեվավորում, տնտեսության հզորացում, ներքաղաքական կայունություն, բնակչության բարոյահոգեբանական համերաշխության և միասնականության մթնոլորտի ապահովում, բանակի շարունակական զորեղացում, ռազմաարդյունաբերության զարգացում, տեխնոլոգիական նվաճումներ և այլն։

Արտաքին քաղաքականության ռազմավարությունը ենթադրում է դիվանագիտական, միջազգային իրավական և այլ գործիքների ամբողջական և ամենօրյա օգտագործում՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումներն արձանագրելու, հետևանքները վերացնելու և պատասխանատվություն առաջացնելու նպատակով։ Այդ ռազմավարության գերակա ուղղություններից են նաև դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացման կանխումը, նոր գործընկերների հետ հարաբերություններ սերտացումը, միջազգային կազմակերպություններում կամ առանձին պետություններում հակահայկական միջոցառումների ու տարաբնույթ որոշումների ընդունման դեմ արդյունավետ պայքարը։

Մեկնաբանություններ