Թրամփը սպառնացել է կրճատել ԱՀԿ ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ կարող է գնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման «շատ խոշոր դադարեցման»՝ քննադատելով ՄԱԿ մասնագիտացված գործակալությանը և նրան մեղադրելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում «Չինաստանին կառչած լինելու» մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Կրկնելով «Թվիթերում» իր բողոքները, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՀԿ-ն «շատ հարցերում սխալ» էր: Թրամփն ԱՀԿ-ին դատապարտել է այն բանի համար, որ հանդես էր եկել Չինաստանից և Եվրոպայից ուղևորությունների սահմանափակման դեմ:

«Նրանք շատ հարցերում էին սխալ,- ասել է Թրամփը Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով աշխատանքային խմբի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ: – Նրանք, կարծես, շատ ուժեղ են կառչել Չինաստանից»:

«Մենք մտադիր ենք դադարեցնել գումարի վճարումը, որն ուղարկում ենք ԱՀԿ»,- հավելել է նա:

Թրամփը, սակայն, նահանջել է, երբ լրագրողները սկսել են իր հայտարարության հետ կապված հստակեցնող հարցեր տալ: Նա ասել է, թե «մտադիր է ԱՀԿ ֆինանսավորման կրճատման հարցն ուսումնասիրել», և հերքել է իր նախորդ հայտարարությունը:

ԱՄՆ-ն միջազգային կազմակերպության խոշորագույն դոնորն է: Միացյալ Նահանգների կողմից ԱՀԿ-ին ամենավերջին փոխանցման հաշիվը կազմել է տարեկան մոտ 116 մլն դոլար: Դրանից բացի, ԱՄՆ-ն կամավոր տարեկան փոխանցում է 100-ից մինչև 400 մլն դոլար ԱՀԿ կոնկրետ նախագծերի համար: 2017 թվականին (սա վերջին տարին է, որի վերաբերյալ տվյալներ կան) նման մուտքերը անցել են 400 մլն դոլարից:

Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն այդ տարի ԱՀԿ-ին է փոխանցել ավելի քան 500 մլն դոլար, ինչը կազմում է կազմակերպության ամենամյա բյուջեի քառորդ մասից փոքր-ինչ պակաս: ԱՀԿ ընդհանուր բյուջեն 2016-2017 թվականներին անցել է  4 մլրդ դոլարից:

«ԱՀԿ-ն մեզնից հսկայական փող է ստանում»,- նշել է Թրամփը:

ԱՀԿ-ն բարձր է գնահատել վիրուսի կապակցությամբ Չինաստանի թափանցիկությունը, չնայած որոշ քննադատներ ասում են, թե հիմքեր կան ենթադրելու, որ COVID-19-ի հետևանքով մահացածների իրական թիվն անցնում է պաշտոնական տվյալներից:

Թրամփի հիմնական վրդովմունքը կապված է հունվարի վերջին ԱՀԿ այն հայտարարության հետ, որ «տուժած տարածաշրջաններ ուղևորությունների արգելքը կամ տուժած տարածաշրջաններից ժամանողների մուտքը մերժելը, որպես կանոն, անարդյունավետ են կանխելու համար» դրսից բերվող կորոնավիրուսի դեպքերը, և դրա փոխարեն կարող են հանգեցնել զգալի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների։

Հայտարարությունը կատարվել էր այն բանից հետո, երբ Թրամփն ԱՄՆ մուտքի արգելք էր սահմանել կորոնավիրուսի հետեւանքով լրջորեն տուժած երկրներից ճանապարհորդների համար:

Մեկնաբանություններ