ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է արել մոբիլիզացնել ուժերը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին անհապաղ ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին նշվում է նրա հայտարարության մեջ, որն արվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` COVID-19-ի համաճարակի կարգավիճակի մասին հայտարարման կապակցությամբ:

«Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին հենց հիմա մոբիլիզացնել և ակտիվացնել իրենց ջանքերը: Քանի որ այս ճգնաժամն ազդում է բոլորի վրա, բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան»,- ասել է նա:

«Ամենաճշգրիտ գիտական ապացույցները խոսում են այն մասին, որ եթե երկրները հայտնաբերում, ստուգում, բուժում, մեկուսացնում և հետևում են հիվանդության դեպքերին, դրա տարածումը կարելի է դանդաղեցնել»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Նոր կորոնավիրուս հիվանդությունը տարածվել է 2019թ․-ի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն ճանաչել է որպես համաճարակ: Չինաստանից դուրս այդ հիվանդությամբ վարակվածների մեծ թիվ է գրանցվել Իտալիայում, Հարավային Կորեայում և Իրանում: Վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրներում, ներառյալ՝ Հայաստանում: Չինաստանում գրանցվել է ավելի քան 3,1 հազար մահ, բուժվել է 61.4 հազար մարդ, իսկ վարակվածների թիվը կազմում է մոտ 80.7 հազար: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում, ըստ ԱՀԿ-ի, կորոնավիրուսով վարակվել է 110 հազար մարդ, ավելի քան 4 հազար մարդ մահացել է: