Միջազգային դատարանը պահանջում է Մյանմայում կանխել ցեղասպանությունը

Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) կարգադրել է միջոցներ ձեռնարկել Մյանմայում ռոհինջա մահմեդականների ցեղասպանությունը կանխելու համար: Դատարանը նաև հայտարարել է, որ Մյանման պետք է «կանխի ոչնչացումը և ապահովի յուրաքանչյուր ապացույցի պահպանումը», որը կապված է ցեղասպանություն կատարելու մեղադրանքների հետ:

Մյանման պետք է անհապաղ դադարեցնի ռոհինջա ժողովրդի ճնշումը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը՝ ընթերցելով Գամբիայի և Մյանմայի միջև ընթացող դատավարության շրջանակներում կանխարգելիչ միջոցների վերաբերյալ որոշումը՝ կապված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայի խախտմանը։ Նման որոշումը կայացվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողովի միաձայն քվեարկությամբ։

Ընդգծելով, որ դատարանն իրավասություն ունի այս գործը քննելու, դատավորը նշել է, որ «Մյանման Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ռոհինջայի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն կատարելու դեպքերը կանխելու համար», ինչպես նաև կանխելու բոլոր փորձերը, դավադրությունները, դրդումները կամ օժանդակումները ցեղասպանությանը: 

Բացի այդ, դատարանը Մյանմային կարգադրել է զեկույց ներկայացնել բոլոր կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ սույն որոշման հրապարակումից չորս ամիս հետո, իսկ դրանից հետո՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացվի: Ընդ որում, յուրաքանչյուր զեկույց նախ պետք է ուղարկվի Գամբիա, որը հնարավորություն կունենա իր մեկնաբանություններն այդ զեկույցի վերաբերյալ փոխանցել դատարան:

Մյանման համաձայն չէ

Մյանմայի պետական ​​խորհրդական, արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Կին հայտնել է, որ Ռոհինջա մուսուլմանները կարող էին չափազանցնել իրենց նկատմամբ բռնությունների մասշտաբները: Նա նշել է, որ Մյանմայի կառավարության կողմից ստեղծված փորձագետների միջազգային խմբի զեկույցում նշվում է, որ «պատերազմական հանցագործությունները կատարվել են Ռախին նահանգում Ռոհինջայի հետ ներքին ռազմական բախման ժամանակ»: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ «որոշ փախստականներ կարող էին տրամադրել ոչ ճիշտ կամ ուռճացված տեղեկատվություն»:

Այս կապակցությամբ Մյանմայի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ միջազգային դատապարտումը բացասաբար է անդրադառնում Ռախինում կայունությունը վերականգնելու Կառավարության ջանքերի վրա՝ ավելի շատ ժամանակ պահանջելով, որ Մյանման պատժի բոլոր մարդկանց, ովքեր մեղավոր են ռոհինջայի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար:

Մուսուլմաններն ընդդեմ Մյանմայի

Այս դատավարությունը սկսվել է նոյեմբերի 11-ին Գամբիայի նախաձեռնությամբ, որը հայց է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության անունից: Երկիրը մտադիր է պայքարել, որ բուդդիստական ​​Մյանման պատասխանատու ճանաչվի ռոհինջա ժողովուրդ կոչվող մուսուլմանական փոքրամասնության դեմ պետության կողմից հովանավորվող ցեղասպանությունների համար: Գամբիան պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի Մյանմային դադարեցնել ցեղասպանության բոլոր ձևերը, պատժել պատասխանատուներին, ներառյալ՝ բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաներին և զինվորականներին, ինչպես նաև փոխհատուցում վճարել տուժածներին:

Հունվարի 23-ին հրապարակված որոշումը վերաբերում է կանխարգելիչ միջոցներին, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն դատավարության ընթացքում: «Այն պարտադրող ազդեցություն ունի և ստեղծում է միջազգային իրավական պարտավորություն յուրաքանչյուր կողմի համար, որի նկատմամբ նշանակվել են կանխարգելիչ միջոցառումներ», – ասել է Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը:

Դատավարության հաջորդ փուլում պետք է որոշվեն ժամկետները, և կողմերն այդ ժամկետում հուշագիր և հակադարձ հուշագիր ներկայացնեն՝ իրենց դիրքորոշումների մանրամասն հայտարարությամբ: Միևնույն ժամանակ, Մյանման դեռ հնարավորություն ունի վիճարկել Գամբիայի կողմից հարուցված դատական ​​գործի իրավասությունը։ 

Մյանմայում իրավիճակը սրվել է 2017-ի օգոստոսին, երբ 2013-ին ձևավորված «Արականի ռոհինջայի փրկարարական բանակի» զինյալները հարձակվել են Ռախին նահանգում ոստիկանության 30 հենակետերի վրա: Դրանից հետո հանրապետության անվտանգության ուժերը սկսել են ռազմական գործողություն իրականացնել տարածաշրջանում: Ըստ պաշտոնական տվյալների՝ բռնությունների ալիքը հանգեցրել է ավելի քան 400 մարդու մահվան, շուրջ 740 հազար ռոհինջա, ՄԱԿ-ի տվյալներով, փախել է Բանգլադեշ: Մյանման պնդում է, որ զինված ուժերը հիմնականում գործել են օրենքի սահմաններում, և որ զինծառայողների և սպաների կողմից լիազորությունների չարաշահման որոշ դեպքերում մեղադրանքներ արդեն առաջադրվել են, կատարվում են նախաքննություններ:

Մեկնաբանություններ