Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հաստատման հարցը:
«Ամերիկայի անվտանգության` Կրեմլի ագրեսիայից պաշտպանության մասին» օրինագծի հեղինակներից մեկը` Հարավային Կարոլինայից ընտրված hանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, ներկայացված առաջարկը բնութագրել է որպես «դժոխային պատժամիջոցների փաթեթ»: Նախաձեռնության համաձայն` պատժամիջոցների թիրախում են հայտնվելու նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչներ, Ռուսաստանի մի շարք բանկեր, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից մի քանիսը:
Պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև երրորդ երկրներում էներգետիկ նախագծեր կյանքի կոչող ռուսաստանյան ընկերություններից մի քանիսի նկատմամբ: Պատժամիջոցների փաթեթի հեղինակները նշում են, որ նախաձեռնությամբ են հանդես եկել` «Կրեմլի կողմից այլ երկրների ժողովրդավարական հաստատությունների խաթարմանն ուղղված գործողությունների, ինչպես նաև Ուկրաինայի դեմ ագրեսիայի և Սիրիայում ծավալած չարամիտ գործունեության պատճառով»: