ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին Ռուսաստանը և Բելառուսը, համագործակցելով մի շարք այլ պատվիրակությունների հետ, ներկայացրել են նախագիծ՝ հանցավոր նպատակներով օգտագործվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման դեմ պայքարի վերաբերյալ: «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները հսկայական հնարավորություններ են ստեղծում պետությունների զարգացման համար, բայց դրանք նաև նոր հնարավորություններ են ստեղծում հանցագործների համար …», – ասվում է նախագծում:
Այսօր կիբերհանցագործություններն ավելի են տարածվում, իսկ դրա հետ կապված ֆինանսական ակտիվների անօրինական շրջանառությունը հասնում է մոտ տրիլիոն դոլարի: Ահաբեկչական խմբերը և հանցավոր կազմակերպություններն ակտիվորեն օգտագործում են «ստվերային ինտերնետը», որի միջոցով հասանելի է թմրանյութերի և զենքի սև շուկան: Համացանցի միջոցով ահաբեկիչները նոր մարտիկներ են հավաքում իրենց շարքեր և տարածում իրենց գաղափարախոսությունը: Աշխարհի ոչ մի երկիր միայնակ չի կարող պայքարել այդ հանցագործությունների դեմ։
Բանաձևի նոր նախագծի համահեղինակներն առաջարկում են ստեղծել հատուկ միջկառավարական հանձնաժողով՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հանցավոր օգտագործման դեմ պայքարի միջազգային կոնվենցիա մշակելու համար: