ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները` նպատակ ունենալով կազմալուծել միջազգային շուկայում իրանական նավթի անօրինական վաճառքի համար ստեղծված ցանցը:

Պատժամիջոցների ցանկում ներառված են 9 ֆիզիկական անձինք, 16 ընկերություններ և 6 լցանավեր։ Ենթադրաբար, նրանք ներկայացնում են տրանսպորտային մեծ ցանց, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և «Հեզբոլլահ» խմբավորմանը:

«Իրանական նավթի անօրինական վաճառքից ստացված շուրջ կես միլիարդ դոլարը հետագայում օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժման ֆինանսավորման համար», – պնդում են ամերիկյան իշխանությունները:

ԱՄՆ-ն սառեցրել է երկրում այդ անձանց բոլոր ակտիվները և արգելել է ամերիկացի ֆիզիկական անձանց և ընկերություններին նրանց հետ համագործակցել:

Պատժամիջոցները տարածվել են նաև Իրանի նավթի նախկին նախարար Ռոստամ Կասեմիի, ինչպես նաև հնդկական ընկերության մի մասնաճյուղի վրա, որը համագործակցել է Իրանի հետ։

«Նավթային այս եկամուտներն օգտագործվել են ահաբեկչությունը ֆինանսավորելու նպատակով», -հայտարարել է Պետդեպարտամենտի Իրանի գծով հատուկ բանագնաց Բրայան Հուքը։

Իր հերթին, Պաշտոնական Թեհրանը հրաժարվում է 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ևս մեկ չափաբաժնից: Այս մասին անձամբ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Ես հայտնում եմ այս ուղղությամբ մեր երրորդ քայլի մասին: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավոր է անհապաղ կերպով ձեռնարկել այն բոլոր տեխնիկական միջոցառումները, որոնք թույլ կտան հրաժարվել միջուկային համաձայնագրի` հետազոտությունների և զարգացման հատվածից: Մենք կդառնանք նոր ցենտրիֆուգների զարգացման ականատեսը, կստեղծվեն տարատեսակ նոր ցենտրիֆուգներ: Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը կդիմի անհրաժեշտ բոլոր քայլերին` ուրանի հարստացման նպատակով», – նշել է Ռոհանին:

Ավելի վաղ, Իրանի նախագահը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն վերացնի բոլոր պատժամիջոցները, ապա նրանք, ինչպես և նախկինում, կկարողանան երկխոսության մեջ մտնել իրանական միջուկային ծրագրի շուրջ՝ գործարքի մյուս կողմերի հետ հավասար: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, չի բացառել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ կարող է հանդիպել արդեն այս ամիս Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:

«Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է: Իրանցիները կցանկանային լուծել այս խնդիրը, քանի որ շատ լուրջ խնդիրներ ունեն: Ֆինանսապես նրանք պարզապես զոհվում են: Քչերն են այնպիսի սղաճի տեմպեր տեսել, որոնք առկա են Իրանում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը հարցազրույցի ժամանակ:

Մեկնաբանություններ