Պատգամավորն առաջարկում է տրամադրել այնպիսի հատուկ պայմաններ, որոնք բացառում են տեսակցողի վարակումը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 17-ին քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 13-րդ եւ 14-րդ պարբերություններով եւ ամրագրել, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվում է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը: Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրի վարչակազմը ձերբակալված կամ կալանավորված անձի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապելու հանգամանքի մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է տեսակցողին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ներկայացնելով կառավարության կարծիքը, նշել է, որ առաջարկվում է գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց հետ տեսակցություններն իրականացվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Փոխնախարարն ընդգծել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականին հեղինակած «Բանտերը եւ առողջությունը» խորագրով ձեռնարկում անդրադարձ է կատարվել վերոնշյալ հարցին՝ շեշտադրելով, որ նշված հիվանդություններով անձանց հետ տեսակցողների վարակումը բացառելու նպատակով անհրաժեշտ է տեսակցությունը կազմակերպել բացօթյա տարածքում՝ համապատասխան միջոցների առկայության պայմաններում:

Նա նաեւ նշել է, որ առաջարկվող նախագծով խախտվում է անձնական տվյալների, բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը երրորդ անձին տրամադրելու իրավունքը:

Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը, կարեւորելով օրենսդրական նախագիծը, նշել է, որ հարցի առնչությամբ խորհրդակցել է նաեւ բժիշկների հետ:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է հանել 14-րդ պարբերությունը, որը քվեարկությամբ ընդունվել է:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Մեկնաբանություններ