Ադժիչն ընդդեմ Խորվաթիայի

Դիմումատուն՝ Միոմիր Ադժիչը, ազգությամբ ամերիկացի է, ծնվել է 1968 թվականին, բնակվում է Հյուսիսային Կալիֆոռնիայի Շառլոթ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր ամուսնալուծության գործընթացի և երեխայի խնամակալությունը ստանձնելու գործով դատավարության վերաբերյալ։ Դիմումատուն ամուսնացել է 2008 թվականին։ Նրա կինն ազգությամբ խորվաթացի է։ Նույն թվականին ծնվել է Դիմումատուի որդին։ 2009 թվականին Դիմումատուի կինը և որդին տեղափոխվել են ԱՄՆ՝ մշտական բնակություն հաստատելու համար։ 2011 թվականին նրանք մեկնել են Խորվաթիա՝ ամառային արձակուրդն անցկացնելու նպատակով։ Դիմումատուի կինը Խորվաթիայից այլևս չի վերադարձել ԱՄՆ և էլեկտրոնային նամակով տեղեկացրել է Դիմումատուին, որ չի ցանկանում վերադառնալ և սկսել է ամուսնալուծության գործընթացը։ Դիմումատուն դիմել է Խորվաթիայի Առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը՝ իր երեխային ԱՄՆ վերադարձնելու խնդրանքով, սակայն, ապարդյուն։ Դիմումատուի կինը հրաժարվել է վերադարձնել երեխային հորը, և մերժել է միասին վերադառնալու առաջարկը։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Զագրեբ քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ իր երեխային ԱՄՆ տեղափոխելու և նրա խնամակալությունը ստանձնելու պահանջով, սակայն Դատարանը մերժել է Դիմումատուի բողոքը։ Դիմումատուն բողոքարկել է որոշումը Վերաքննիչ դատարանում 2012 թվականին։ Իր բողոքի մեջ Դիմումատուն նաև նշել է, որ սույն քաղաքացիական գործով ոչ-մի դատական նիստ չի կայացել և նրան հնարավորություն չի տրվել ծանոթանալ Դատարանի կայացրած վճռի հիմնավորումներին, որոնց մեջ, ինչպես պարզվել է հետագայում, նշվել է նաև մանկական հոգեբանի եզրակացությունը, համաձայն որի՝ երեխային մորից բաժանելը և այլ երկիր տեղափոխելը կարող է բասացական հետևանքներ թողնել նրա հոգեբանական վիճակի վրա։

Այսպիսով, Դիմումատուի ներկայացրած բոլոր պահանջներն ու բողոքները մերժվել են, գործի դատավարությունը տևել է ավելի քանի երեք տարի։ Հիմք ընդունելով Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիան, Դիմումատուն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր երեխային ԱՄՆ վերադարձնելու և վերջինիս խնամակալությունը ստանձնելու գործով դատավարության երկար ժամկետի և արդարացիության մասին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև Խորվաթիայի Սահմանադրական դատարան, որը հետագայում նույնպես մերժվել է։ 2015 թվականին ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և վճռել է, որ Խորվաթիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 7․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․310 եվրո՝ դատական ծախսերի համար։ Այնուամենայնիվ, երեխային վերադարձնելու Դիմումատուի բոլոր փորձերը ձախողվել են։

2016 թվականին Դիմումատուն նոր բողոքով դիմել է ՄԻԵԴ։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է իր որդուն ԱՄՆ վերադարձնելու և նրա խնամակալությունը ստանձնելու գործով դատավարության երկար ժամկետի և արդարացիության մասին։ Դիմումատուն բողոքել է նաև իր որդու բնակության վայրը փոխելու և խնամակալության վերաբերյալ բոլոր պահանջներն ու բողոքները մերժելու դատական ատյանների կայացրած որոշումների դեմ։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Խորվաթիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 9․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․520 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ