Հաագայի Միջնորդ դատարանի Մշտական պալատը կցուցադրի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի քննության դատական լսումների ուղիղ հեռարձակումը։ Գործը վերաբերում է Ռուսաստանի կողմից Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտմանը՝ ուկրաինական երեք նավերի բռնագրավմանը և Կերչի նեղուցի առափնյա զորամասի 24 անդամների տարհանմանը: Այս մասին ասվել է Միջնորդ դատարանի Մշտական պալատի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշենք, որ Ուկրաինան հայցով դիմել է Միջազգային տրիբունալ՝ ռուսական անվտանգության ուժերի կողմից Կերչի նեղուցի տարածքում գրավված ռազմածովային նավատորմի նավաստիների ազատ արձակման նպատակով։
Ուկրաինայի ներկայացուցիչների խոսքերով՝ 2018 թվականի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցի շրջանում Ռուսաստանի անվտանգության ուժերը կրակել և ապօրինի կերպով բռնագրավել են երկու ուկրաինական նավեր և մեկ շոգենավ, որը շարժվում էր դեպի Մարիուպոլ նավահանգիստ։ Համապատասխան ժամանակահատվածում ուկրաինական նավատորմում տեղակայված են եղել Ուկրաինայի ռազմածովային ուժերի 24 զինծառայողներ։ Վերջիններս գերի են ընկել, և նրանցից երեքը վիրավորվել են կրակոցների ժամանակ: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրել է ուկրաինացիներին «վտանգավոր զորաշարժ» իրականացնելու մեջ: Իր հերթին, Ուկրաինան հերքել է Ռուսաստանի հնչեցրած մեղադրանքները՝ նշելով, որ նրանք գործել են բացառապես օրենքի շրջանակներում:
Սույն գործով դատական լսումները կիրականացվեն 2019 թվականի հունիսի 19-ին։ Այդ օրը Ռուսաստանի ներկայացուցիչները կներկայացնեն գործի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու փաստարկները, իսկ հաջորդ օրը դատարանում հանդես կգան Ուկրաինայի ներկայացուցիչները։