ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահի օգնական Ջեկ Հիլլերը և այլ ներկայացուցիչներ:
Քննարկվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկող Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի հնգամյա ծրագիրը (Market Liberalization and Electricity Trade Program – MLET):
Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին: Այդ համատեքստում կարևորել է Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիրը, որով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացում, նոր մեխանիզմների և ինստիտուտների ներդրում, միջպետական առևտրի հետ կապված հարցերի կարգավորում, օրենսդրական դաշտի բարեփոխում:
«Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև խորհրդատվություն՝ ուղղված ենթաօրենսդրական դաշտի փոփոխությանը: Այսինքն՝ կմշակվեն կարգեր, կանոններ, լիցենզիաներ և պայմանագրեր, որոնք կնպաստեն նոր շուկայական մոդելի իրագործմանը: Եվ այստեղ կարևոր է միջազգային փորձի ճիշտ կիրառումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Գարեգին Բաղրամյանը կարևորել է նաև մատակարարների, սպառողների և արտադրողների ընդհանուր շղթայում պատասխանատվության մեխանիզմների ներդրումը, որը նույնպես նոր գործիք է Հայաստանի էներգահամակարգում:
«Արդյունքում, համոզված եմ, ունենալու ենք նաև փոխշահավետ համագործակցություն միջպետական առևտրի տեսանկյունից, մասնավորապես, Վրաստանի հետ: Մի քանի տարի հետո մենք կկարողանանք փոխշահավետ առևտուր իրականացնել ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման տեսանկյունից, ավելացնել մեր փոխադարձ առևտրի ծավալները»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:
Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ փոխշահավետ համագործակցության շնորհիվ հաջողությամբ կիրականացվեն նախատեսված բարեփոխումները:
Բրոք Բիրմանն իր հերթին, գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից՝ կարևորելով էներգետիկ անկախությունը ցանկացած երկրի համար:
«Այս 8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կօգնի Հայաստանին էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, էներգետիկ շուկայի ազատականացման հարցերում և կնպաստի նրա էներգետիկ անկախությանը: Նպատակը հստակ է. Հայաստանի էներգետիկ ոլորտը գրավիչ դարձնել ներդրողների համար` մեծացնելով ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և մրցունակությունը: Միասին աշխատելով` մենք կարող ենք օգնել Հայաստանին հարևան Վրաստանի և Եվրամիության հետ տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- ասել է Բրոք Բիրմանը:
MLET ծրագրի շրջանակում օժանդակություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ էներգետիկ ռազմավարության վերանայման և էներգետիկ բնագավառի զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման հարցում: