Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել կենտրոնական բանկերին թվային արժույթներ թողարկել

Օրեր առաջ Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը պետք է քննարկեն թվային արժույթների թողարկման հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ թվային արժույթները կնպաստեն գործարքների ավելի անվտանգ իրականացմանը:

«Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք թվային արժույթների թողարկման հնարավորության մասին: Առավելություններն ակնհայտ են: Ձեր վճարումը պետք է լինի արագ, ապահով, էժան և անհրաժեշտության դեպքում՝ անանուն: Կենտրոնական բանկերը կպահպանեն իրենց դերը նման վճարումների կատարման ժամանակ»,- հայտարարել է Լագարդը: Նա նաև նշել է, որ Կանադայի, Չինաստանի, Շվեդիայի և Ուրուգվայի կենտրոնական բանկերն արդեն լրջորեն քննարկում են թվային արժույթի թողարկման հարցը:

«Որքան շատ մարդ սպասարկվի, այդքան ավելի էժան և օգտակար կլինի այդ ծառայությունը: Մասնավոր ընկերությունները չեն կարող բավարար ուշադրություն դարձնել անվտանգության վրա», – հավելել է ԱՄՀ տնօրենը։ Վերջինս նաև ընդգծել է, որ թեև թվային արժույթների թողարկման հետ կապված իրավիճակն ունիվերսալ չէ, և կենտրոնական բանկերի մոտ կարող են զանազան բարդություններ առաջանալ նոր տեսակի վճարումների և արժույթների հետ աշխատելու ժամանակ, այնուամենայնիվ, այդ հնարավորությունը պետք է լրջորեն, ուշադիր և ստեղծագործական մոտեցմամբ ուսումնասիրել։

Մեկնաբանություններ