«Եթե ֆինանսական համակարգը չբարեփոխվի, ապա փլուզումն անխուսափելի է»․ԱՄՀ

Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման համար պետք է բարեփոխումներ իրականացնել: ԱՄՀ տնօրենն իր ելույթի ժամանակ  նաև նշել է, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է ֆինանսական փլուզման եզրին: Հիմնական խնդիրը աշխարհի երկրների կուտակած հսկայական պարտքերն են: ԱՄՀ-ում համոզված են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները նույնպես բացասական ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսության զարգացման վրա:

ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ շատ երկրների կառավարություններ պարզապես ձախողել են ֆինանսիստների ռիսկային և ոչ մտածված գործողություններից բանկային համակարգը պաշտպանելու համար նախատեսված գրեթե բոլոր բարեփոխումները, ինչն էլ փլուզման հզոր շղթայական ռեակցիա է առաջացրել:

Ավելի վաղ, ԱՄՀ-ն զգուշացրել է, որ եթե ֆինանսական համակարգը չբարեփոխվի, ապա փլուզումն անխուսափելի է: ԱՄՀ փորձագետների կազմած զեկույցի համաձայն՝ պետական և մասնավոր հատվածներում համաշխարհային պարտքի ընդհանուր գումարը վերջին տասնամյակում աճել է 60%-ով, այսինքն՝ կազմել է 182 տրիլիոն դոլար:

Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են: Ապրիլ ամսվա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում 2018 թվականին սպասում է 6% տնտեսական աճ: Բացի այդ, նոր զեկույցի տվայլների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 4.8% աճ:

Մեկնաբանություններ