Ադրբեջանական ԶՈւ կողմից նոյեմբերի 12-ին արցախյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին նոյեմբերի 27-ին «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մասնավորապես վերջինս ընդգծել է, որ խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. կա երեք զոհ, իսկ պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի:
«Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի», -ասել է պաշտպանության նախարարը։
«Ազատության» այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն հրամանատարական կազմի անդամներ, Օհանյանը պատասխանել է, որ քննությունը բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտա՝ միաժամանակ ընդծելով, որ ուղղաթիռը մասնակցել է վարժանքների, թռիչքուղին էլ անձնակազմին անծանոթ չի եղել։
Նոյեմբերի 12-ին՝ մոտավորապես ժամը 13։45-ին, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ պաշտպանության բանակի օդուժի Մի-24 ուղղաթիռը: Զոհվել են անձնակազմի 3 անդամները։ Օդաչուների հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Եռաբլուրում: