ԱԺ-ն արտահերթ նիստում օչինագիծ է ընդունել

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ «ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը քննարկել եւ հաստատել է նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու հատուկ ընթացակարգի վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում կատարել լրացում եւ դրանով կառավարությանն իրավունք վերապահել պետության համար բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ տեղափոխել աշխատանքային օրերը: Արտաքին գործերի փոխնախարարը պարզաբանել է, որ ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես տոների եւ հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում տեղափոխություն կատարել, երբ անցկացվում են կարեւորագույն եւ մեծամասշտաբ միջոցառումներ:

Նշենք, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված հոկտեմբերի 11-12-ին Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովով:

Օրինագիծն առավոտյան նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Մեկնաբանություններ