Շիրակի մարզում սերմացու ցորենի հափշտակման դեպքով քրեական գործը դատարանում է

Ավարտվել է Շիրակի մարզի Մեղրաշատ և Իսահակյան գյուղերի բնակիչներին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի նախաքննությունը: 

Ինչպես նշվել է ավելի վաղ, Շիրակի մարզի դատախազությունում կատարված՝ տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք նյութեր նախապատրաստելու համար ուղարկվել են Ոստիկանության Շիրակի մարզի տարբեր բաժիններ: Արդյունքում մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների բնակիչների աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում նշված համայքնների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ մարզի դատախազությունում 2018թ. մարտի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչություն:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Իսահակյան համայնքի (ներկայիս Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղի) նախկին ղեկավար Արտավազդ Արսենյանը և Մեղրաշատ համայնքի (ներկայումս Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի) նախկին ղեկավար  Վահրամ Սաղաթելյանը, նպատակ ունենալով հափշտակել համայնքների բնակիչներին հասանելիք աշնանացան ցորենի սերմացուն, 2012-2016թթ. ընթացքում համայնքների մի քանի  բնակիչների տվյալները ձևականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն նրանց չեն հատկացրել վերջիններիս անվամբ դուրս գրված սերմացուն և, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

Այս հանցավոր արարքների հանգամանքները թաքցնելու նպատակով համայնքների ղեկավարներն անձամբ կազմել և իրենց ստորագրություններով ու համայնքապետարանների կնիքներով հաստատել են սերմացու ցորենն ստացած լինելու մասին հավաստող կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառել են նաև տասնյակ այնպիսի բնակիչների տվյալներ, որոնք կամ առհասարակ սերմացու ցորեն չեն ստացել կամ ստացել են նշվածից շատ ավելի քիչ քանակությամբ:

Վերոգրյալից բացի, նշված ժամանակահատվածներում սերմացու ցորենի դիմաց Իսահակյան համայնքի թվով 27 բնակիչների, իսկ Մեղրաշատ համայնքի թվով 18 բնակիչների կողմից ստացված սերմացուի դիմաց վճարված համապատասխանաբար 2.030.000 ՀՀ դրամ և 2.688.000 ՀՀ դրամ գումարները համայնքապետերը չեն մուտքագրել համայնքների բյուջե, չեն փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին՝ յուրացման եղանակով հափշտակելով դրանք: Իսկ հափշտակության հանգամանքը թաքցնելու համար համայնքապետերը սերմացուն ստացած շահառումների վերաբերյալ կազմած կեղծ բաշխացուցակները, որոնցում չեն ներառել համայնքի բազմաթիվ բնակիչների կողմից կատարված վճարումները, տրամադրել են Շիրակի մարզպետարանին:

Նշված հանցավոր արարքների կատարման կասկածանքով 2018թ. մարտի 29-ին Արտավազդ Արսենյանը և Վահրամ Սաղաթելյանը ձերբակալվել են: Նրանց վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում նրանց կողմից ամբողջությանը վերականգնվել է պետությանը հասցված վնասը:

Քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և ուղարկվել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ