ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՊԲ օդուժի ուղղաթիռի խոցման փաստի առիթով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։
Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլև ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարանքը։
Տվյալ միջադեպը կրկին մատնանշում է անհրաժեշտությունն ակտիվացնելու ջանքերը՝ ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդման անհետաձգելի միջոցների և, նախ և առաջ, դրա խախտման հետաքննության գործուն մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը, որոնք բազմիցս առաջարկվել են հայկական կողմերից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը ստացել։
Միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին՝ մոտավորապես ժամը 13։45-ին, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ պաշտպանության բանակի օդուժի Մի-24 ուղղաթիռը: Ըստ նախնական տեղեկության, զոհվել են անձնակազմի 3 անդամները։