Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ դատախազության դիմաց՝ պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից միջնորդել ՀՀ առաջին ատյանի դատարանին վերաբացելու «Շանթ և ընկերներ» գործի դատական քննությունը՝ հաշվի առնելով նոր ի հայտ եկած հանգամանքերը:
Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ երկրում իրավիճակ է փոխվել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Նրանց համոզմամբ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և հետապնդվել է իր հայացքների համար, նա որևէ հանցանք չի գործել, այլ պայքարել է և պայքարում է հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար:
Նախաձեռնությունների ազգային կենտրոն (ՆԱԿ) ՀԿ նախագահ Վարդան Թունյանը ներկաներին հայտնեց, որ Շանթ Հարությունյանի անազատության մեջ գտնվելը մեծ անարդարություն է. «Այսօր նոր Հայաստանում ենք ապրում, բայց ունենք քաղբանտարկյալ: Կարծես բոլորը համաձայն են, որ նա քաղբանտարկյալ է, բոլորը կողմ են, որ նա դուրս գա, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում այդ գործընթացը»:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ իրենք չեն պահանջում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը զանգահարի դատարաններ, այլ պահանջում են, որպեսզի Շանթ Հարությունյանն ազատ արձակվի քաղաքական հստակ գնահատականով. «Եթե վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը քաղբատարկյալ է, ապա քաղբանտարկյալի կարգավիճակով էլ Շանթ Հարությունյանը պետք է դուրս գա բանտից: Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին առաջարկել է բաց ռեժիմ, սակայն բաց ռեժիմն իրենից ազատություն չի ենթադրում»:
Շահեն Հարությունյանը նաև հայտնեց, որ մինչև հոտեմբերի 7-ն ինքը ոչ մի քայլ չի նախաձեռնելու, իսկ հոկտեմբերի 7-ից արդեն կանցնեն իրենց պայքարին՝ հավելելով, որ Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները պետք է ունենան հստակ կարգավիճակ:
«Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ, եթե ղեկավարն ասում է այսինչ անձը քաղբանտարկյալ է, ապա հստակ ազատություն պետք է տրվի այդ անձին: Մեր երկրի ղեկավարը հԱյատարարում է, որ երկրում կա քաղբանտարկյալ, սակայն ազատ չի արձակում»,- ասաց նա:
Բողոքի ակցիային ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ Շանթ Հարությունյանը անհիմն հայտնվել է բանտում նախորդ իշխանությունների ժամանակ: Րաֆիի Հովհաննիսյանի խոսքերով երկրում իրավիճակ է փոխվել և ՀՀ դատախազությունը պետք է մտնի դատարան նոր հանգամանքներով, նոր իրավիճակով և Շանթ Հարությունյանի մասով արդարացման պահանջ ներկայացնի:
«Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, մեր անկախության պետականության ազատամարտիկներից մեկը և պետք է լինի ազատության մեջ: Շանթ Հարությունյանը պահանջում է արդարացում, և մենք պետք է հարգենք այդ պահանջը: Մենք չպետք է այնպես անենք, որ էլի Ստրասբուրգից մեր քաղաքացին արդարադատություն գտնի, այդ արդարադատությունը տեղում պետք է բաշխվի և կարծում եմ՝ դրա եղանակաները կան: Պարոն Փաշինյանի կառավարության նախաձեռնությամբ Շանթ Հարությունյանը պետք է դուրս գա»,- նշեց նա:
Վերջում ակցիայի մասնակիցները ՀՀ գլխավոր դաախազ Արթուր Դավթյանին ներկայացրին պահանջագիր, որի տակ ստորագրեց 37 քաղաքացի և 7 կազմակերպություն, այդ թվում ՝ 2 կուսակցություն: