Քրեակատարողական հիմնարկների բուժսպասարկման որակի, ոլորտում առկա խնդիրների, սանիտարահիգենիկ պայմանների և միջազգային չափանիշների մասին Legalinfo․am-ը զրուցել է փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ:
-Դատապարտյալները շատ դեպքերում բողոքում են ոչ միայն խցերի անբարենպաստ պայմաններից, այլ նաև սննդի որակից: Իրականում ինչպիսի՞ պայմաններ են ՔԿՀ-ներում:
-Իրականում, եթե նայենք փաստաթղթերին, ապա շատ լավ պայմաններ են, բայց իրականությունն այլ է: Մեկ անազատության մեջ գտնվող անձի վրա պետությունը ծախսում է օրական 6000 դրամից ավել գումար, որից, եթե չեմ սխալվում սննդի փայաբաժինը կազմում է, մոտավորապես, շուրջ 700 դրամ:
Իրականում, մեր տասնյակներով պաշտպանյալները, որոնց հետ մենք աշխատել ենք, որ գտնվում են քրեակատարողական հիմարկներում, գրեթե ոչ-ոք երբևէ չի ասել, որ իրենք օգտվել են տեղում մատուցվող սնունդից, հացի դեպքում բացառություններ կան, երբ հնարավոր է շաբաթը մեկ կամ երկու անգամ հացը վերցնել, բայց դա հազվադեպ երևույթ է, մնացած սննդից որպես կանոն չեն օգտվում: Այսինքն, այստեղ մենք գործ ունենք բոլորի համար պարզ՝ կոռուպցիոն դրսևորման հետ, երբ գումարները դուրս են գրվում, բայց նպատակային չեն ծախսվում:
Սնունդը, որպես կանոն հարզատների, ծանոթների, բարեկամների կողմից որպես հանձնուք տարվում է ՔԿՀ, և ամենապարզ լուծումը սրա՝ բավարար որակի և պիտանի սնունդն է, որը չի ապահովվում:
Սանիտարական պայմանները, եթե համեմատենք, օրինակ՝ Արմավիր ՔԿՀ-ն՝ որպես նորակառույց քրեակատարողական հիմնարկ, ապա գոնե նվազագույն ինչ-որ պայմաններ ունի:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ոչ միայն անազատության մեջ գտնվող անձն, այլ նաև տեղի աշխատակիցները, որոնք տևական ժամանակ գտնվում են այդ ՔԿՀ-ում, հաշվի առնելով, թե ինչ սանիտարական պայմաններում է գտնվում ՔԿՀ-ն, ձեռք են բերում հիվանդություններ։ Դա պետության կողմից անձի նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող դրսևորում է՝ խոշտանգում, և դա կատարում է պետությունը ամեն օր, ամեն ժամ՝ տարիներ շարունակ:
Ընդհանրապես ՔԿՀ-ներից մեկ-երկուսում է, որ համեմատաբար տանելի պայմաններ են, չէի ասի լավ, բայց համեմատաբար տանելի՝ Վարդաշեն ՔԿՀ-ում, Արմավիր ՔԿՀ-ում և հավանաբար Վանաձոր ՔԿՀ-ում: Հայաստանի մնացած քրեակատարողական հիմնարկները անձանց խոշտանգելու համար են՝ իրենց սանիտարական պայմաններով և մնացած առումներով, այնտեղ մարդիկ շատ հեշտությամբ բազում հիվանդություններ են ձեռք բերում:
– Ինչպիսի՞ պայմաններում են պահվում հատուկ բժշկական օգնության կամ հատուկ խնամք պահանջվող ազատազրկված անձինք և ի՞նչ խնդիրներ կան ՔԿՀ-ների բուժսպասարկաման ոլորտում:
-Բժշկական օգնությունը, համեմատաբար կա Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում, մյուս քրեակատարողական հիմնարկներում չունեն ամենանվազագույն, ամենատարրական պայմանները: Օրինակ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում տասնյակներով վատառողջ մարդիկ կան, և այդ մեկ բուժակը ամենայն հավանականության չի տիրապետում բավականին շատ բժշկական մասնագիտական հմտություններին և չի կարող օգնություն ցույց տալ:
Նուբարաշեն ՔԿՀ-ում երեկոյան ժամը 18:00-ից հետո պարտադիր կարգով հրավիրվում են շտապօգնության մեքենաներ, ավելին ասեմ, որպես կանոն, անձանց տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոցներ: Այստեղ ցերեկային ժամերին դուք երբեք չեք տեսնի շտապօգնության մեքենա: Խնդիրը նրանում է, որ ցերեկը բարեկամներն ու հարզատները տեսակցում են և հանձնուքներ են տանում, այդ ժամերի ընթացքում ներսում գտնվող անձը, որը բժշկական օգնության կարիք ունի, և ենթադրաբար շտապօգնություն պետք է հրավիրվի՝ չեն հրավիրում, որպեսզի դրսում գտնվող մարդիկ չիմանան, թե ներսում ինչ է կատարվում:
Մի քանի ամիս առաջ՝ Կառավարության ռազմավարության ծրագրում, Մարդու իրավունքների պաշտպանության այդ ծրագրերով մի քանի բուժսարքավորումներ տեղադրվել են, բայց կրկնում եմ՝ չկան աշխատողներ, բուժանձնակազմ, անգամ աշխատակիցներով ապահովված չէ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ն:
Ցավոք սրտի, մենք գիտենք մահվան բազմաթիվ դեպքեր, սա ինքնին փաստ է։ Այս առումով, եթե չեմ սխալվում, Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեջ «պատվավոր» վերջին տեղում է գտնվում:
– Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի բուժսպասարկումից խոսեցիք։ Ի՞նչ վիճակ է տիրում այնտեղ:
–Ես կարծում եմ, որ այստեղ ևս ներդրումների կարիք կա: Օրինակ՝ իմ պաշտպանյալներից մեկը ճողվածքի վիրահատման խնդիր ուներ և նրան Վարդաշեն քրեակատարողական հիմանրկից տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց և այնտեղ ևս անցավ ստուգումներ։ Ախտորոշումն ամբողջությամբ կար՝ ենթակա էր վիրահատման, սակայն քանի որ որոշակի բարդություն էր պարունակում, վիրահատությունը որոշվեց, որ ոչ թե կատարվի Դատապարտյալների հիվանդանոցում, այլ պետք է կատարվի քաղաքացիական հիվանդանոցում: Այնտեղից իմ պաշտպանյալնին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, քաղաքացիական հիվանդանոցում պետպատվերով հրաժարվեցին վիրահատել և գումար ուզեցին (կալանավորված անձի մասին է խոսքը), այնտեղ մի քանի օր պահելուց հետո չվիրահատեցին և վերադարձրին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ: Այսինքն՝ բոլոր տեղերում նյութականը առաջին տեղում է:
Ես գիտեմ, որ Դատապարտյալների հիվանանոցում կան մի շարք բժշկական լավ սարքավորումներ, բայց մասնագետներ չունեն: Հաշվի առնելով այն փաստը, որ շատ ցածր են վճարում, որևէ մեկը չի ցանկանում այնտեղ աշխատել, դա էլ է հասկանալի:
Գուցե առաջարկ կա, որ Դատապարտյալների հիվանդանոցը ինքնին կփոխվեր քաղաքացիական հիվանդանոցի, որևէ մասնաշենք տրվեր։ Կար այդպիսի նախագիծ: Գուցե սա ևս մեկ լուծում է:
Արդարադատության նախարարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, ավելի ստույգ՝ Կառավարության որոշման նախագիծ է շրջանառության մեջ դրել, ընդհամենը մոտ 20 օր առաջ: Համաձայն այդ կարգավորման՝ պետք է ստեղծվի պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը պետք է զբաղվի դատապարտված և կալանավորված անձանց առողջական խնդիրների լուծումներով:
Անկեղծորեն ասեմ, ես ծանոթացա այդ որոշման նախագծին և ակնկալիքներ չունեմ, ինքնին շատ գեղեցիկ է գրված, սակայն կատարման մեխանիզմները բացակայում են, այսինքն՝ նախագիծը բարի ցանկությունների և կենացների մասին «աշխատություն» է, որը ներկայացվել է Կառավարության հաստատամանը: Մենք հերթական անգամ ունենալու ենք գեղեցիկ փաթեթավորված որոշում՝ անձանց առողջության հետ կապված, որը մնալու է թղթի վրա և չի կատարվելու: Դրանով նաև փորձ է արվում լուծել Դատապարտյալների հիվանդանոցի խնդիրները: Արդարադատոթյան նախարարությունը, կարծես թե, քայլեր ձեռնարկում է, բայց այն նախագիծը, որին ես ծանոթացա, ըստ էության, հերթական փաստաթուղթն է այս ոլորտում:
–Իսկ Դուք ի՞նչ լուծումներ կառաջարկեք քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման ոլորտը կարգավորելու համար:
– Ես կարծում եմ, որ քրեակատարողան հիմնարկներում բուժսպասարկման ոլորտը կարգավորելու համար պետք է քաղաքացիական հիվանդանոցներից մեկում՝ որևէ մասնաշենքում առանձնացված հատված լինի, որտեղ քաղաքցիներին բուժսպասարկող բժիշկը զուգահեռաբար սպասարկի նաև անազատության մեջ գտնվող անձանց, և այս դեպքում հնարավոր կլինի բավարար չափով օգնություն ցույց տալ: Հակառակ պարագայում մեծ են լինելու և՛ կոռուպցիոն դրսևորումները, և՛ կադրերի խնդիրը: Գոնե քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու դեպքում մենք այս խնդիրը լուծված կունենանք:
Այստեղ խնդիրը կարելի է լուծել նաև հետևյալ առումով.
Կառավարության թիվ 825 որոշումը, որը սահմանում է հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են կալանքի հետ հնարավորինս ընդլայնվի և անձը, որը որոշակի հիվանդություններով տառապում է ազատվի կալանքից:
Մեզ մոտ հիմա այնպիսի վիճակ է, որ ամենածայրահեղ, գրեթե անբուժելի վիճակի անձանց կալանքն է կարելի անհամատեղելի համարել, բայց պետք է շատ քիչ հիվանդություններ թողնվի, որ ենթակա է ՔԿՀ-ներում բուժման, մնացած բոլոր դեպքերում անձը կալանքից ազատվի, նշանակվի այլընտրանքային կալանք և հնարավորություն ստանա ինքն իր նախընտրած բժշկական հաստատությունում բուժում ստանալ:
-Բայց այս դեպքում անազատության մեջ գտնվող անձը պետք է վճարի իր բուժսպասարկման ծախսերը։ Այստեղ անվճարունակության խնդիր չի առաջանա՞:
-Այս դեպքում պետպատվերը օգնության ձեռք կմեկնի: Ըստ էության՝ նոր կարգով, եթե Կառավարությունը որոշում կայացնի, դարձյալ կարգավորվում է, որ դատապարտյալը կամ կալանքի տակ գտնվող անձն իր ընտրությամբ, իր հաշվին կարող է բուժօգնություն ստանալ: Մենք նույն խնդիրը ունենում ենք, այսինքն՝ անձին պահում ենք քրեակատարողական հիմնարկում և առաջարկում՝ քո բուժումների համար դու վճարի, մենք կապահովենք քո տեղափոխումը: Խափանման միջոցի այլ ձև ընտրած լինելու պարագայում, օրինակ՝ տնային կալանք, անձը իր տնից կարող է գնալ բուժումներ ստանալ:
Խնդրի լուծման համար կարծում եմ, որ անձանց ազատության սահմանը պետք է ընդլայնվի, ավելի ծայրահեղ դեպքում գնան կալանավորման, և անձը կարողանա ազատությունից գնալ բուժումների։ Թե՛ դա արդեն կլինի պետպատվերի շրջանակներում, թե՛ անձը սեփական միջոցների հաշվին կանի, սա արդեն բոլորովին այլ խնդիր կլինի:
–ՔԿՀ-ներում խցերի ծանրաբեռնվածության խնդիր կա։ Արդարադատության նախարարության կողմից նախագիծ կար՝ նոր ՔԿՀ կառուցելու հետ կապված։ Ո՞ր փուլում է նախագիծը:
-Ճիշտն ասած չգիտեմ, թե նախագիծը ո՞ր փուլում է գտնվում, եթե կա այդ նախագիծը մոտ ժամանակներում անտեսանելի է՝ 3-5 տարի դա չի լինի: ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը թոթափելու համար անհրաժեշտ է համաներում կատարել. Վերջին համաներումից հետո արդեն տևական ժամանակ է անցել, և պետությունն իր մարդասիրական դրսևորումը պետք է ցույց տա՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակի փոփոխությունն ու հեղափոխությունը:
Համաներումը ոչ միայն հասարակության առողջացման համար է պետք, այստեղ ես ուզում եմ հատուկ ընդգծել հետևյալը՝ նախկին ռեժիմի օրոք շատ մարդիկ բանտարկվել են տվյալ ռեժիմի թելադրած պայմաններից ելնելով։ Ես չեմ ուզում նրանց բոլորին քաղբանտարկյալ ասել, բայց այդ ռեժիմը պատճառ է դարձել, որ շատ մարդիկ հայտնվել են բանտերում, թե ինչպես է դա եղել, արդեն դատաքննությամբ պարզ կդառնա:
Հույս ունեմ՝ համաներումը որոշ չափով կթեթևացնի այդ խնդիրը, մեր իշխանություններին՝ Արդարադատության նախարարությանը, ոչ թե պետք է մտածել, ոչ թե բանտեր կառուցել, այլ պետք է հասարակությունը առողջացնել և միջոցներ ձեռնարկել, որ մարդիկ հանցանք չգործեն, այլապես 20 տարի մենք մտածել ենք բանտեր կառուցելու և մարդկանց բանտարկելու ուղղությամբ, փոխանակ մարդկանց կրթություն ու դաստիարակություն տանք, որ բանտ չգնան:
Ես կուզենայի, որ այն ենթադրությունը, որ նոր բանտեր պետք է կառուցվեն, մեր նախարարներն ու պաշտոնիաները հանեն իրենց մտքերից՝ բանտեր չկառուցեն, այլ այդ միջոցները ծախսեն ավելի կարևոր նպատակով:
– Խոսեք խնդրեմ ՔԿՀ-ների վերաբերյալ միջազգային նորմերից։ Հայաստանյան ՔԿՀ-ները համապատասխանո՞ւմ են նորմերին։
–Միջազգային չափանիշներին մեր ՔԿՀ-ները չեն համապատասխանում: Միջազգային չափանիշներով, օրինակ՝ Նիդերլանդներում, Լյուքսենբուրգում քրեակատարողական հիմնարկները փակվել են կալանավորներ չլինելու պատճառով, Սկանդինավյան երկրներում քրեակատարողական հիմնարկների մեծ մասը ցանկապատ չունի: Այսինքն, եթե մենք փորձենք ինչ-որ բան համեմատել ընկալումներից, արժեհամակարգից՝ ՔԿՀ-ներում այնտեղ կալանավորված անձը ինտերնետ կապի որակից է դժգոհում, իսկ մեզ մոտ սանիտարական պայմաններից: Մենք չենք կարող Եվրամիության կամ Եվրոպական խորհրդի պետությունների հետ համեմատվել, լավագույն դեպքում մենք կարող ենք համեմատվել հետխորհրդային երկրների՝ Ռուսաստան, Բելառուս, գուցե Թուրքիայի հետ, այսինքն՝ այնպիսի երկրների, որտեղ մարդու իրավունքները քրեակատարողական հիմնարկներում երբեք արժեք չեն ներկայացել:
Մեր քրեակատարողական հիմանարկներն, ըստ էության՝ ամբողջությամբ պատժիչ հիմնարկներ են, եթե նախկինում կոչվում էին ուղղիչ աշխատանքային, հիմա ՔԿՀ-ն պատժիչ հիմնարկ է։ Ստեղծված են բոլոր «բարենպաստ» պայմանները անձին կրկնակի հանցագործ դարձնելու համար: Սա պետության քաղաքականությունն է՝ կա՛մ անձը պետք է մահանա, կա՛մ անձը պետք է կրկնահանցագործ դառնա: