Դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ։
Դատավորները վարչական դատարան են դիմել ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018թ. որոշումը վերացնելու /անվավեր ճանաչելու/, որպես հետևանք` «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջով։
Օգոստոսի 13-ին Կարինե Պետրոսյանի, Ալեքսեյ Սուքոյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ: Գործը վարում է դատավոր Մհեր Պետրոսյանը։
Դատարանի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ սույն որոշմամբ չի կասեցվում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշման և «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ Նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագրի կատարումը:
Այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Օգոստոսի 20-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, քննարկելով հայցը, որոշում է կայացրել վարչական գործով դատավարության մեջ Արա Կուբանյանին, Արթուր Աթաբեկյանին, Արմեն Չիչոյանին, Արմեն Խաչատրյանին, Արսեն Բաբայանին, Արտաշես Հովհաննիսյանին, Բագրատ Մկրտչյանին, Գարիկ Ավագյանին, Գևորգ Նարինյանին, Լիլիթ Կատվալյանին, Սամվել Թադևոսյանին, Տիգրան Փոլադյանին որպես երրորդ անձ ներգրավելու մասին։
ՎԴ/8512/05/18 դատական գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17–ին։