Պարզվել է սպանության շարժառիթը. պատճառը «իկ»-ով խոսելն էր

Investigative Committee of RAԳյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մասնավորապես, կատարված քննչական գործողությունների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ դեպքի օրը նշված տնակում տեղի է ունեցել հավաքույթ, որի ժամանակ մի քանի տղամարդ, սեղանի շուրջ նստած, միասին հաց են կերել և օղի խմել: Արթուր անունով անձի կողմից Արտյոմ Ադանալյանի հետ «իկ»-ով խոսելու պատճառով սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ Արթուրը գլխով հարվածել է Արտյոմ Ադանալյանին, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, առաջացել է քաշքշոց, որի ժամանակ վնասվել է նաև տան գույքը:

Վիճաբանության ժամանակ ականատես վկաները նկատել են Արտյոմ Ադանալյանին ընկած, իսկ Արթուրի աջ ձեռքին` դանակի շեղբ՝ արյունոտ, որից հետո վերջինս, դանակը ձեռքին թողել հեռացել է:

Պարզվել է ոմն Արթուրի ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ.-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Մեկնաբանություններ