Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նոր տնօրեն Արամ Գահնապետյանին: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Մհեր Վարդանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: Այդ մասին հաղորդում է ԱՆ տեղեկատվական կենտրոնը:
Դիմելով «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին` Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նրանց աշխատանքը շատ կարևոր է նախաքննության մարմինների և դատարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Ներկայացնելով կենտրոնի նորանշանակ ղեկավարին՝ Հովհաննես Մանուկյանը նշել է, որ Արամ Գահնապետյանը լավագույն մասնագետներից է ու շուրջ 25 տարվա փորձառնություն ունի այս ոլորտում: Նախարարը կարևորել է այն փաստը, որ, աշխատելով նույն համակարգում, Գահնապետյանը հստակ պատկերացնում է նպատակներին հասնելու ճանապարհին առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման եղանակները:
Կենտրոնի նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և նշել, որ բազմափորձ աշխատակազմի հետ հասնելու են բոլոր նպատակների իրականացմանը: «Հիմնական խնդիրները տեսնում եմ երեք ուղղություններով՝ փորձագիտական աշխատանքի կանոնակարգում, նյութատեխնիկական բազայի ամրապնդում և զարգացում, ինչպես նաև կադրային հագեցվածություն ու վերապատրաստում: Կարծում եմ՝ խնդիրների լուծման ամենակարևոր ուղիներից մեկը կլինի նաև ընդհանուր մեթոդաբանության ներդրումը, համագործակցությունը փորձագիտական այլ կառույցների ու ԲՈՒՀ-երի հետ, ինչպես նաև՝ մեր աշխատանքում երիտասարդների ներգրավումը»,- ընդգծել է Արամ Գահնապետյանը: