ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը քննարկել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի և Ուսումնական հարցերի հանձնաժողովների ձևավորմանը, դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերը և առաջարկները:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ քվերակության արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.
- Ավագյան Արթուր /ՀՀ վարչական դատարան/
- Մակյան Մեսրոպ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
- Ստեփանյան Վարդան /Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում/
- Թորոսյան Սլավիկ /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
- Պապոյան Մխիթար / ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
- Թովմասյան Արման / ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավոր Նաիրա Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նրա պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարին, կլրանա 2020 թվականի փետրվարին:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն էլ՝ քվերակության արդյունքներով՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.
- Միքայելյան Ստեփան /ՀՀ վճռաբեկ դատարան/
- Հարթենյան Մարգարիտա /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
- Ազարյան Ալեքսանդր /ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
- Մկոյան Քրիստինե /ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/
- Հարությունյան Անի /ՀՀ վարչական դատարան/
- Վարդանյան Արշակ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
- Ստեփանյան Արթուր /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
Քանի որ սննանկության դատարանը ձևավորվելու է 2019 թվականի հունվարի 1-ից, ուստի հանձնաժողովների ձևավորման ցուցակներում այդ մասնագիտացմամբ թեկնածուներ չեն ներգրավվել:
Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ որոշ դատավորներ հանդես եկան նաև ելույթներով՝ ներկայացնելով դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու դատական իշխանության ամրապնդման վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները: Ժողովը որոշեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի բարձրացված խնդիրների և առաջարկությունների ուսումնասիրմամբ և դրանք կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդին: