«Վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար»․լիզինգ․ Մարի Ստեփանյան

Ֆինանսական վարձակալության պայմանագրի առանձնահատկությունների ու կիրառելիության մասին Legalinfo.am զրուցել է փաստաբան Մարի Ստեփանյանի հետ։

-Ներկայացրե՛ք, խնդրեմ, լիզինգի հասկացությունը։ Ո՞րն է գործնական կիրառելիությունը և դրա առանձնահատկությունը։

-Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով` վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար:

Լիզինգն այնպիսի իրավահարաբերություն է, որի շրջանակներում անձը՝ վարձակալը, ում անհրաժեշտ է որոշակի գույք, նախապես ընտրում է այդ գույքը և գույքը վաճառողին, որից հետո դիմում է վարձատուին (մասնագիտացված կազմակերպություն), իսկ վարձատուն պարտավորվում է գնել՝ սեփականության իրավունքով ձեռք բերել, վարձակալի կողմից նախապես մատնանշած գույքը, նախապես որոշված վաճառողից և այդ գույքը տրամադրել վարձակալին՝ վարձակալության իրավունքով:

Այս իրավիճակում տրամաբանական է, որ վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար, քանի որ այդ ընտրությունը կատարել է վարձակալը՝ առանց վարձատուի մասնակցության կամ որևէ միջամտության:

Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանվում է, թե ով կարող է լինել վարձատու. ներկա օրենսդրական կարգավորմամբ Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձատու կարող է լինել բանկը կամ օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած մասնագիտացված կազմակերպությունը:

Օրենսդիրը հնարավորություն է սահմանել որպեսզի վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարվի վարձատուի կողմից: Իհարկե, սա հնարավոր է այն դեպքում, եթե այդ մասին ուղղակիորեն սահմանվում է /նախատեսվում է/ լիզինգի պայմանագրով:

-Արդյոք լիզինգի պայմանագրով վարձակալված գույքը կարո՞ղ է դառնալ վարձակալի սեփականությունը։

-Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգավորման՝ Լիզինգի պայմանագրի գործողության ավարտից հետո, ինքնին չի ենթադրվում, որ լիզինգի պայմանագրով վարձակալված գույքը սեփականության իրավունքով կփոխանցվի վարձակալին: Նշվածը հնարավոր է այն դեպքում, եթե  Ֆինանսական վարձակալության պայմանագրով նախատեսվել է, որ վարձակալված գույքը վարձակալության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը սեփականության իրավունքով կփոխանցվի վարձակալին` վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

Հատկանշական է, որ օրենսդիրը սահմանել է հնարավորություն վարձատուի համար սահմանել որոշակի գին/արժեք, որը վարձակալի կողմից վճարելվելու դեպքում, լիզինգի առարկան սեփականության իրավունքով կփոխանցվի վարձակալին:

-Ինչպիսի գույքը կարող է լինել լիզինգի առարկա։

-Լիզինգի պայմանագրի շրջանակներում ձեռքբերվող առարկայի վերաբերյալ որևէ սահմանափակում առկա չէ. դա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք:   

-Ի՞նչ պատասխանատվություն են կրում լիզինգի պայմանագրի կողմերը։

-Ընդհանուր կանոնն այն է, որ վարձակալը վարձակալված գույքի  պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում է այն պահից, երբ այդ գույքը փաստացի հանձնվում է իրեն, այսինքն՝ վերջինիս պատասխանատվությունը ծագում է գույքը հանձնելու պահից:

Գույքը վարձակալին հանձնելուց հետո Վարձատուն վարձակալի առջև պատասխանատվություն չի կրում վարձակալության հանձնված գույքի թերությունների համար:

Նշված կանոնը գործում է այն դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով, այսինքն՝ կողմերը ազատ են պայմանագրով սահմանել պատասխանատվության այլ կարգավորում:  

Եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով, վարձատուն վարձակալի առջև պատասխանատվություն չի կրում առուվաճառքի պայմանագրից /հետագայում վարձակալության տրամադրելու համար գույքի ձեռքբերման պայմանագրից/ բխող պահանջները վաճառողի կողմից չկատարելու համար, այս կանոնը բխում է այն հանգամանքից, որ վարձակալն է ընտրում վաճառողին:

Հետևաբար, եթե վաճառողը ընտրված լինի վարձատուի կողմից, ապա նշված պատասխանատվությունը  կկրի վարձատուն, ինչպես նաև վարձակալն իրավունք կունենա առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնել ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ վարձատուին: Նշվածից հետևում է, որ այս իրավիճակում վարձատուն և վաճառողը համապարտ պատասխանատվություն են կրում վարձակալի առջև:

Եթե վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարվի, ապա վարձակալը իրավասու է  անմիջականորեն վաճառողին ներկայացնել առուվաճառքի պայմանագրից բխող պահանջները: Այստեղ առանձնահատուկ կարևորվում է այն հանգամանքը, որ լիզինգի պայմանագրով վարձակալության տրամադրվող գույքի առուվաճառքի պայմանագրի կողմերն են վաճառողը և վարձատուն՝ որպես գնորդ, սակայն վարձակալը, ով նախապես ընտրել է գույքը և ադ գույքը վաճառողին, վաճառողի հետ իրավահարաբերություններում հանդիսանում է վարձատուի հետ համիրավ պարտատեր և ձեռք է բերում գնորդի համար օրենսդրությամբ սահմանված իրավունքները և պարտականությունները:   

Սակայն պետք է միաժամանակ նկատել, որ վարձակալը նշված իրավահարաբերություններում, ձեռք բերելով գնորդի իրավունքները, չի կարող  վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրը լուծել առանց վարձատուի համաձայնության և չի կարող կրել ձեռք բերված գույքի համար վարձատուի կողմից վճարելու պարտականությունը:

-Խոսեք լիզինգի գործնական կիրառելիությունից։ Ե՞րբ է լիզինը գերադասելի։

-Լիզինգը լայն կիրառելիություն ունի ձեռնարկատիրական ոլորտում: Տնտեսվարողների հիմնական մասը, որոնք այս իրավահարաբերությունում հանդես են գալիս որպես վարձակալ, իրենց գործունեության համար անհրաժեշտ հիմնական սարքավորումները կամ դրանց մեծ մասը ձեռք են բերում լիզինգի միջոցով, դա հիմնականում ունի տնտեսագիտական հիմնավորում, քան իրավական, ենթադրվում է, որ տնտեսվարողները, ունենալով լիզինգի առարկան ձեռքբերելու բավարար միջոցները, միանվագ չեն վճարում, գերադասում են լիզինգով ձեռք բերել և մաս մաս վճարել, իսկ գումարի մնացած մասը դնել շրջանառության մեջ:    

Մեկ այլ դեպքում հնարավոր է, որ անձի ֆինանսական միջոցները բավարար չլինեն ձեռք բերելու համար որևէ գույք և առավել նպաստավոր լինի այն ձեռք բերել լիզինգով:

Լիզինգը շատ երկրներում դրված է տնտեսության զարգացման հիմքում և ուղեկցվում է պետական աջակցությամբ, դա հիմնականում դրսևորվում է լիզինգային վճարների,  տոկոսադրույքների, կանխավճարների սուբսիդավորմամբ։

Լիզինգը շահավետ է ոչ միայն վարձակալի համար, այլ նաև վարձատուի համար, ինչը դրսևորվում է որոշակի պայմաններով լիզինգի տրամադրմամբ.

ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց լիզինգով գույքը տրամադրվում է որոշակի պայմաններով՝

-կանխավճարի պահանջով, այսինքն՝ ձեռքբերվող գույքի արժեքի որոշակի մասը որպես կանխավճար վարձակալի կողմից վճարելու պայմանով,

-Վարձատուի կողմից վարձավճարների նկատմամբ որոշակի տոկոսադրույքի հաշվարկման պայմանով,

-վարձակալի կողմից վարձավճարը ուշացնելու դեպքում (կետանց) տույժ կիրառելում պայմանով:

 -Խնդրում եմ անդրադառնալ օրենքի  նախագիծ, որով հենց լիզինգին է վերաբերում։ Մանրամանեք, որպես այս ոլորտին տիրապետող,  ի՞նչ փոփոխություններ են կատարվում։

Այս տարվա սկզբին շրջանառվում էր օրենքի նախագիծ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (այսուհետ նաև՝ Նախագիծ), որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ֆինանսական վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող դրույթներում.  

Մասնավորապես.

-ֆինանսական վարձակալություն բառերը փոխարինվել է լիզինգ բառով,

-սահմանվել են լիզինգի տարատեսակներ՝ հետադարձ լիզինգ, երկրորդային լիզինգ,

-առանձին հոդվածով կարգավորվել է ենթալիզինգի իրավահարաբերությունները,

-սահմանվել է լիզինգատուի իրավունքը՝ հսկողություն իրականացնել լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ, այդ թվում նաև ենթալիզինգի և ենթավարձակալության դեպքում,

-սահմանվել է լիզինգային վճար եզրույթը և դրա հասկացությունը,

-առանձին կարգավորման է ենթարկվել լիզինգի պայմանագրի լուծումը,

-սահմանվել է լիզնգի առարկայի բռնագանձման առանձնահատկությունը:

Անդրադառնալով ենթալիզինգի հասկացությանը, անհրաժեշտ է նկատել որ գործող օրենսդրությամբ չի արգելվում ենթալիզինգը. ֆինանսական վարձակալությունը (լիզինգ) վարձակալության պայմանագրի առանձին տեսակ է, հետևաբար վարձակալության պայմանագրի ընդհանուր դրույթները կիրառելի են նաև դրա առանձին տեսակների նկատմամբ, իսկ ընդհանուր դրույթներով սահմանվում է վարձակալված գույքը ենթավարձակալությամբ տրամադրելու հնարավորությունը 620-րդ հոդվածը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք 620-րդ հոդված):

Նախագծով տրվել է Լիզինգային վճարի հասկացությունը. Լիզինգային վճարը այն գումարն է, որը վճարվում է լիզինգառուի կողմից լիզինգային պայմանագրով սահմանված չափով և ժամկետներում, Մասնավորապես՝ այն իր մեջ ներառում է.

մի դեպքում՝ լիզինգի առարկայի արժեքը (այդ թվում՝ մինչև լիզինգի առարկայի հանձնմանընդունման պահը կատարված նախնական վճարից) և պայմանագրով սահմանված տոկոսագումարը, եթե լիզինգի պայմանագրով նախատեսվում է լիզինգի առարկային սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին,

մյուս դեպքում՝ լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսագումարը, եթե լիզինգի պայմանագրով չի նախատեսվում լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին :

Նախագծով հստակ սահմանվել է լիզինգի պայմանագրի միակողմանի լուծման հիմքերը. այն է՝

 

  • Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
  • լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը,
  • եթե լիզինգառուն սահմանափակում է լիզինգատուի հսկողության իրավունքը լիզինգի առարկայի նկատմամբ,
  • լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել հերթական լիզինգավճարը:
  • Լիզինգառուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
  • Լիզինգատուն լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը չի տրամադրել լիզինգի առարկան պայմանագրով սահմանված ժամկետից 30 օր կետանցով, եթե այլ ժամկետ սահմանված չէ պայմանագրով.
  • Լիզինգատուն չի իրականացրել լիզինգի առարկայի հիմնական վերանորոգումը, եթե համաձայն օրենքի կամ պայմանագրի դա վերջինիս պարտականություն է:

 

Անհրաժեշտ է նկատել, որ Նախագծով սպառիչ չի թվարկվել միակողմանի լուծման հիմքերը և նախատեսվել է, որ Լիզինգի պայմանագրով կարող են սահմանվել լիզինգատուի կամ լիզինգառուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:

Ըստ Նախագծի, եթե լիզինգատուի պահանջով և վերը նշված հիմքերից որևէ մեկի առկայությամբ է լուծվում պայմանագիրը, ապա բոլոր ծախսերը կապված գույքի վերադարձման, այդ թվում՝ ապամոնտաժման, ապահովագրության և փոխադրման հետ, կրում է լիզինգառուն, իսկ լիզինգառուի պահանջի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում նշված ծախսերը կրում է լիզինգատուն, իհարկե սահ սահմանվել է որպես ընդհանուր կանոն, պայմանագրով կարող է սահմանվել այլ կարգավորում:

Հատկանշական է, որ Նախագծով  սահմանվել է լիզինգառուի իրավունքը վնասների հատուցման պահանջ ներկայացնել, եթե լիզինգատուն լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելու ժամկետի կետանց է թույլ տվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում լիզինգատուն:

Սակայն անհրաժեշտ է նկատել, որ անկախ նման նորմի սահմանումից` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորված վնասների հատուցման ինստիտուտը սահմանված հիմքերում և դեպքերում նախատեսում է հնարավորություն պահանջել  վնասների փոխհատուցում:

Լիզինգի առարկայի բռնագանձման մասով նախատեսվում է հետևյալ կարգավորումը. եթե լիզինգի առարկան բռնագանձվում է, բայց այդ առարկան ծանրաբեռնված է լիզինգի իրավունքներով, ապա լիզինգառուն շարունակում է պահպանել իր իրավունքները լիզինգի պայմանագրում նշված ծավալով և ժամկետներում:

Նախագծով սահմանվել է հետադարձ և երկրորդային լիզինգը, որպես լիզինգի տարատեսակներ.

  1. Հետադարձ լիզինգի դեպքում պայմանագիրը կնքվում է երկու կողմերի միջև, որով լիզինգատուն պարտավորվում է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռքբերված գույքը, իսկ պայմանագրի գործողության ավարտին լիզինգի առարկան հետ է անցնում լիզինգառուին ի սեփականություն: Միևնույն ժամանակ, պայմանագրում կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, կրկին անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

 

  1. Երկրորդային լիզինգը՝ լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման արդյունքում լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին տրամադրումն է նոր լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը: Երկրորդային լիզինգի պայմանագիրը կնքվում է երկկողմ՝ լիզինգատուի և լիզինգառուի միջև:

Երկրորդային լիզինգի պայմանագրով չի բացառվում լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:

Նշված պայմանագրի գործողության ընթացքում լիզինգառուին է անցնում վաճառողին և լիզինգատուին լիզինգի առարկայի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքը:

Ընդհանուր առմամբ Նախագծով մանրամասն կարգավորման է ենթարկվել լիզինգի պայմանագրի հիմքով ծագող իրավահարաբերությունները,  և դրա անհրաժեշտությունը պայմանավորված է գործարար հարաբերություններում /գործարար շրջանառությունում/ լիզինգի դերի կարևորությամբ և կիրառելիության ծավալների ընդարձակմամբ: Ցանկացած իրավահարաբերության զարգացում ինքնին պահանջում է համապատասխան կարգավորում, ինչի արդյունքում, բնականաբար, գործող նորմերը փոփոխության են ենթարկվում կամ սահմանվում է նոր կարգավորումներ:

 

Մեկնաբանություններ