Հանրապետության ամենամեծ անտառային ֆոնդերն ունեցող երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առանձին դեպքերում նաև ՀՀ բնապահպանության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների, բնապահպանների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 241 դեպք, որոնցից 99-ով հարուցվել է քրեական գործ:
Անհրաժեշտ է նշել, որ 2017թ. 1-ին կիսամյակում վերոնշյալ պետական մարմինների գործունեության արդյուն¬քում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 108 դեպք, որոնցից ընդամենը 14-ով է քրեական գործ հարուցվել: Այսինքն ապօրինի ծառահատման հայտնաբերված դեպքերը 2018թ. առաջին կիսամյակի կտրվածքով ավելացել են 124 տոկոսով, իսկ հարուցված քրեական գործերը՝ 7 անգամ: Ավելին. 2018թ. առաջին կիսամյակում միայն նշված երեք մարզերում հարուցվել է գրեթե այնքան քրեական գործ, որքան ամբողջ 2017թ. ընթացքում (110):
2018թ. առաջին կիսամյակում երեք մարզերի կտրվածքով նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9մլն դրամ, որից կամովին վերականգնվել է 3 մլն 154 հազար դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նախապատ¬րաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 մլն 160 հազար դրամ, որից վերականգնվել է 1.9 մլն դրամը:
Իսկ նույն հատկանիշներով հարուցված 99 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը հաշվարկվել է 378.5 մլն դրամ:
Վերջինիս վրա էական ազդեցություն են ունեցել Լոռու մարզում դեռևս 2017թ. հայտնաբերված՝ ապօրինի անտառահատման դեպքով հարուցված մեկ քրեական գործով կատարված բացահայտումները: Մասնավորապես Լոռու մարզի դատախազությունում 2017թ. օգոս¬տոսի 8-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետությունում նշանակված ստուգման արդյունքում պարզվել էր, որ անտառպետությունում ապօրինի հատվել են 1445 կանգուն ծառեր, որոնք ունեն մինչև երկու տարվա վաղեմություն, իսկ հատումների արդյունքում բուսա¬կան աշխարհին պատճառված վնասի կազմել է առանձնապես խոշոր՝ 145.469.700 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակ-ցության հիման վրա անտառապետին մեղադրանք է առա¬ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, 2 անտառապահներին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը 2018թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվել պատճառված վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալների գույքի վրա արգելանք կիրառելու ուղղությամբ:
Այն դեպքերում, երբ առկա է եղել ապօրինի ծառահատումները նաև անտառների պահպանության գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կատարված լինելու վերաբերյալ, քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումը), 311-րդ հոդվածի(կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի (կաշառք տալը), 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահումը) տարբեր մասերի համակցությամբ: Առանձին դեպքերում քրեական գործեր են հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որը անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների), 325-րդ հոդվածի 1-ին մասի (փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու) հատկանիշներով:
Երեք մարզերում հարուցված 99 քրեական գործերից 7-ով վարույթը կարճվել է, 23-ով՝ կասեցվել՝ հիմնականում ապօրինի ծառահատում իրականացրած անձանց հայտնի չլինելու հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում 13 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Այս քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 7 մլն դրամ, որից նախնական քննության և դատաքննության ընթացքում վերականգնվել է գրեթե 2.5 մլն դրամը:
Համեմատության համար նշենք, որ 2017թ. առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատման հատկանիշներով քննված 3 անգամ ավելի քիչ՝ թվով 4 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ: Դրանցով պետությանը պատճառված վնասն ընդհանուր կազմել է 1.8 մլն դրամ, որից հատուցվել է ընդամենը 250 հազար դրամի վնասը: