Առևտրի համաշխարհային կազմակերպությունը չի բավարարել Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բավարարել 2015 թվականի մայիսին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։  Մասնավորապես՝ Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։

Ուկրաինան իր բողոքի մեջ նշել է, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների մատակարարման գործընթացին։ Այնուհետև, Ռուսաստանը երկաթուղային տրանսպորտի սարքավորումների ներմուծման համար սահմանափակումներ սահամանելու մասին որոշում է կայացրել։ Գործի շրջանակներում Առևտրի համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը մերժել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած պահանջներն ու փաստարկները և որոշում է կայացրել Ռուսաստանի օգտին։

Հիշեցնենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ ԱՀԿ-ը որոշում է կայացնում Ռուսաստանի օգտին։ Ավելի վաղ, ԱՀԿ-ն բավարարել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայացրած հայցը։ Մասնավորապես՝ Ռուսաստանը բողոքել էր ռուսական ծագման ամոնիումի նիտրատի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների կայացրած որոշման դեմ։ ԱՀԿ արբիտրաժային խումբը վճռել է, որ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ Ուկրաինայի կայացրած որոշումը խախտել է հակադեմպինգային մաքսեր սահմանելու մասին միջազգային կազմակերպության համաձայնագիրը։

 

Մեկնաբանություններ