«Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: 

Դատական նիստն  այսօր  կրկին հետաձգվեց:

Դատարանը հայտնեց, որ նիստը հետաձգվում է ամբաստանյալ   Գևորգ Ջնդոյանի հանրային պաշտպանի բացակայության պատճառով:

Նիստի հետաձգելու փաստը ամբաստանյալների դժգոհության առիթ հանդիսացավ, արդյունքում վերջիններս հրաժարվեցին լքերլլ նիստերի դահլիճը, որի պատճառով ամբաստանյալների և կարգադրիչների միջև   քաշքշուք սկսվեց:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ հանրային պաշտպանը թեև ներկա չէ, բայց դատավորը պետք է կողմերից հարցնի՝  ուզո՞ւմ են նիստը շարունակել, թե ոչ.

«Կարող է հանրային պաշտպանից հրաժարվել են, և այլ փաստաբան է նրա շահերը ներկայացնում»,-ասաց նա:

Մեղադրյալները ևս դատական նիստը ձգձգելը անհիմն համարեցին և  նիստն ամիսներով պարբերաբար հետաձգելը անօրինականություն  որակեցին:Մեղադրողները նշեցին, որ դատավորը իրենց խոսքը հաշվի չի առնում:

Առաջացած իրավիճակը հիմք չհանդիսացավ, որ նախագահող դատավոր Արմեն բեկթաշյանը փոխի իր որոշում, արդյունքում, այնուամենայնիվ դատական նիստը հետաձգվեց, իսկ զայրացած ամբաստանյալներին նիստերի դահլիճից դուրս բերելու համար հավելյալ  կարգադրիչներ ներկայացան դատարան:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ էր հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

Հավելենք, որ այս քրեական գործով 33 հոգու մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 1-ին մասի, ՔՕ-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասի և ՔՕ-ի  235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա  Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը:

Մեկնաբանություններ