Հուլիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռարկված արձագանքման միջոցառումների, կազմակերպված ուսումնավարժությունների, ծառայողական քննությունների ընթացքի և այլ գերատեսչություններին քաղպաշտպանության հարցերով ցուցաբերված մեթոդական օգնության մասին:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Մկրտչյանը խորհրդակցությանը հայտնեց, որ անցած շաբաթվա ընթացքում տեսչությունը ստուգումներ է անցկացրել 12 օբյեկտում և շարունակում է հետևել ԱԳԼՃԿ-ներին նախկինում հանձնված կարգադրագրերի իրականացման ընթացքին:
Խորհրդակցության ընթացքում նախարար Հ.Ռոստոմյանը համակարգի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ներկայացնել զարգացման ծրագրեր՝ յուրաքանչյուրն իր մասով, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ՝ ուսումնասիրելով միջազգային առաջավոր փորձը և հիմնվելով Հայաստանում առկա ներուժի վրա:
ՀՀ ԱԻ նախարարը ՓԾ տնօրենին հանձնարարեց ներկայացնել առաջարկություն փրկարարների կողմից կենցաղային կանչերի արձագանքումը կարգավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով մարդկային կյանքի ու անվտանգության ապահովումը, ինչպես նաև խստացնել նյութատեխնիկական ապահովման հարցերի և առկա ռեսուրսների նպատակային օգտագործման վերահսկողությունը.
– Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան: Որևէ խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Նախարարը ևս մեկ անգամ հրահանգեց խստիվ հետևել, որպեսզի օպերատիվ ու ծառայողական նպատակներով հատկացված ավտոմեքենաները չօգտագործվեն անձնական նպատակներով:
Նախարարությունում կստեղծվի նաև հանձնաժողով՝ սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառումներին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար: