«Սասնա ծռեր»-ի անդամներ Թորոս Թորոսյանը և Վարդան Գերավետյանը գրավի դիմաց ազատ կարձակվեն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի քրեական գործով դատական նկստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։ Այսօրվա նիստին չէին ներկայացել ամբաստանյալներ «Դեդ»-ը՝ Մարտիրոս Հակոբյանը և Արամ Հակոբյան։

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին ներկայացրեց գրություն, ըստ որի՝ Մարտիրոս Հակոբյանը հայտնում է այն մասին, որ դատարանը կարող է առանց իր ներկայության քննել խափանման միջոցների փոփոխման հարցերը և մնացած այլ միջնորդությունները։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը տեղի չէր ունեցել, քանի որ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը հուլիսի 3-ից գտնվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում։

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին միջնորդեց, որ իր պաշտպանյալ Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ դատական փորձաքննություն նշանակվի, մեղադրող կողմն էլ չառարկեց միջնորդությանը։

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալ Թորոս Թորոսյանի խատանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը չառարկեց և միայն նշեց, որ պետք է գրավով փոխարինվի։

Համանման միջնորդություն ներկայացրեց Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը։ Բժշկական փորձաքննության արդյունքներով Վարդան Գերավետյանը ունի շագանակագեղձի բորբոքված վիճակ․ ըստ պաշտպանի այս հիվանդությունն ունի բժշկական վերահսկողության կարիք. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հիվանդությունները պահանջում են լայնածավալ հսկողություն, միջնորդում եմ իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխարինել, մասնավորապես՝ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ, եթե դատարանը կգտնի, որ ստորագրությունը բավարար չէ, ապա նշանակվի գրավ 100 000 դրամի չափով։

Դավիթ Գյուրջյանը նշեց նաև, որ իր պաշտպանյալը ունի հիպերտենզիա հիվանդություն, որը ևս բավարար բժշկական վերահսկողության կարիք ունի։ Մեղադրող կողմը, ինչպես նախորդ միջնորդությանը, այս միջնորդությանը ևս չառարկեց։

Մինչ դատարանը կհեռանար խորհրդակցական սենյակ, ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը գրությամբ դատարանից տեղեկացրեց, որ հրաժարվում է իր պաշտպան Արայիկ Պապիկյանի ծառայություններից, ինչպես նաև հանրային պաշտպանի ծառայություններից։ Մեղադրող Պետրոս Պետրոսյանը, անդրադառնալով վերոնշյալ գրությանը, ասաց, որ հնարավոր է առանց շահերը պաշտպանող փաստաբանի կարող է գործը քննվi, քանի որ հնարավոր է գույքային անհամատեղելիություն և այլն։ Մեղադրողը, սակայն, դատարանին հորդորեց չընդունել գրության այն հատվածը, որը վերաբերվում է ամբաստանյալի հրաժարումը հանրային պաշտպանից։ Թաթուլ Թամրազյանը իր հերթին իր գրության վերաբերյալ ասաց, որ ցանկանում է դատարանում իր շահերը պաշտպանի իր նախկին պաշտպան Մոնիկա Մարգարյանը։

Դատարանը հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի՝ Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջոնրդությունը բավարարեց։ Դատարանը բավարարեց նաև Լիպարիտ Սիմոնյանի և Արմինե Ֆանյանի միջնորդությունը: Արդյունքում՝ Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով՝ 500 000 ՀՀ դրամի դիմաց։ Վարդան Գերավետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը ևս բավարարվեց: Վարդան Գերավետյանը ազատ արձակցեց 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց։ Նիստը հետաձգվեց՝ Մարտիրոս Հակոբյանի ներկայությունը ապահովելու նպատակով։

Մեկնաբանություններ