Մանվել Գրիգորյանի ոչխարները գողանալու գործով կա ձերբակալված. Ն.Ամիրյանը ճանաչվել է տուժող

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։

2018 թվականի լույս հուլիսի 7-ի գիշերն ոստկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են գողացել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Անասնագոմի աշխատակցուհին հաղորդում է ներկայացրել առ այն, որ աշխատում է Մանվել Գրիգորյանին պատկանող անասնագոմում որպես կթվորուհի և անասուններին արածեցնելու նպատակով գտնվել է Կոտայքի մարզի Գառնի համայնքի սարերում։ Հուլիսի 7-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, տնակի մոտ նկատել է «Նիվա» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ և դուրս եկել տնակից՝ տեսնելով երեք անծանոթ տղամարդու, որոնցից մեկը եղել է դիմակավորված, իսկ «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդի ձեռքին եղել է կացին։ Վերջինս սպառնացել է կացնահարել՝ ձայն հանելու դեպքում և սկսել են հափշտակել գառները, իսկ դիմել փախուստի՝ «Նիվա» ավտոմեքենայով վրաերթի ենթարկելով գառներ և ոչխարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Էջմիածին քաղաքի բնակչուհի Ն.Ամիրյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, ով հաստատել է, որ գառներն ու ոչխարները պատկանում են իր ընտանիքին։ Պատճառված վնասի չափը հստակեցվում է։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ- հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Կասկածյալներից մեկը՝ 52-ամյա տղամարդը, ձերբակալվել է, ևս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվել են խուզարկություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Մեկնաբանություններ