Նախագահը նաեւ շրջայց է կատարել տարբեր կազմակերպությունների հովանավորությամբ գործող՝ «Տաշիր Կասկադ հոլդինգ -ՀԱՊՀ», «Շնայդեր էլեկտրիկ Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոններում, միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, ատոմային էներգիայի մասնագիտական համակարգչային, ռոբոտաշինության, կապի եւ հեռահաղորդակցության լաբորատորիաներում:
Այցի ավարտին նախագահը հանդիպում է ունեցել բուհի ռեկտորատի անդամների եւ ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նա նշել է, որ տպավորված է տեսածով: «Այն՝ ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր, բայց մյուս կողմից՝ մենք կարող ենք ավելիին հասնել: 21-րդ դարում մեր զարգացման ճանապարհը նոր տեխնոլոգիաներն են, իսկ դրան հասնելու հիմնական կետերից մեկը ձեր համալսարանն է»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Նախագահը ողջունելի է համարել, որ համալսարանում ներգրավված են նաեւ այլ բուհերի ուսանողներ, ովքեր հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաներով եւ կարեւորել է համալսարանների համագործակցությունը:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել՝ միջազգային ինստիտուտների, գիտական կենտրոնների հետ փոխգործակցության հաստատման, արտերկրից մասնագետներ հրավիրելու գործում: