Քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
Ըստ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի՝ նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով:
Ինչպես նաև սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը:
Սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը:
Նախագծերի հեղինակները ակնկալում են, որ նախագծերի ընդունման արդյունքում անհրաժեշտ պայմաններ կստեղծել դատավորների ընտրության և նշանակման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու համար:
2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենսգիրք), ի թիվս այլնի, սահմանում է առաջին ատյանի դատարանի դատավորի, առաջին ատյանի դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թեկնածուի ընտրության և Հանրապետության կողմից նշանակմանն առաջադրելու հետ կապված հարաբերությունները: Օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս համապատասխան առաջարկություն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը, Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ևս ենթադրում է որոշում ընդունելու անհրաժեշտություն: Նման պահանջը, սակայն, անհարկի բարդացնում է վերոնշյալ գործընթացը և ազդում է Բարձրագույն դատական խորհրդի ծանրաբեռնվածության վրա:
Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում: