Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր:
Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս դատարաններ են այն միջին օղակը, որն ապահովում է արդարադատության իրացումը դատական եռաստիճան համակարգում:
ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին առաջարկեց դատավորներին առավել ակտիվ և նախաձեռնող լինել օրենքների նախագծերի քննարկումներում՝ տրամադրելով իրենց դիրքորոշումները:
Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի կողմից հաստատող տեսակետ հնչեց, որ դատավորների և դատարանների անկախությունը վարչական արդարադատություն իրականացնող մարմնի համար չափազանց կարևոր հարց է, և իրենք ողջունում են Բարձրագույն դատական խորհրդի հետևողականությունը՝ բացառելու ցանկացած սուբյեկտիվ միջամտություն: Առանձնակի կարևորվեց նաև կոռուպցիոն երևույթների դրսևորումների վերացումը արդարադատության ոլորտում:
Դատավորների կողմից բարձրացված հարցերն առավելապես վերաբերում էին դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ու դատական ծառայությունն առավել գրավիչ դարձնելուն:
Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի ընտրություն:
Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Հովսեփ Բեդևյան 5
Արա Բաբայան 3
Աշոտ Սարգսյան 1
Արման Թովմասյան 1
Լրացուցիչ քվեարկություն կազմակերպվեց երկու` առավել ձայներ ստացած թեկնածուների միջև։ Արձանագրվեց հետևյալ արդյունքը.
Հովսեփ Բեդևյան 9
Արա Բաբայան 1
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ ընտրվեց Հովսեփ Բեդևյանը: