Հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին նշված է ՀՀ դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մարտի 1-ի գործի քննությանը, ինչպես նաև ՀՀ-ում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված առկա օրենսդրական խնդիրներին: Հանձնակատարի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը անդրադարձել է նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման հետ կապաված հարցերին:
ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին՝ միջազգային փորձագետների մասակցության հարցը, ինչպես նաև հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավվածությունը նման միջադեպերի քննությանը:
ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Երկուստեք կարևորվել է փոխգործակցությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով: