Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հրաժարվեց ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ արդեն ցուցմունք տվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ հրապարակվեց ամբաստանյալ Նորիկ Սահակյանի նախաքննական ցուցմունքներն  ու առերեսումները, քանի որ ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալուց: Նորիկ Սահակյանը  հանդես եկավ  հայտարարությամբ՝ ասելով, որ ինքը մանրամասն ցուցմունքներ է տվել  նախաքննության ընթացքում, իսկ ներկա պահին հրաժարվում է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Նախաքննական ցուցմունքներում Նորիկ Սահակյանը հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված մեղադրանքներում:

Վերջինս պատմել է, որ դեպքի գիշերը 01:10-ի սահմաններում Հովհաննիսյան Հովիկի հետ զորանոցում դաս են արել, որից հետո 02:20-ի սահմաններում ինքն արթնացրել է Հովհաննեսին, որպեսզի ստուգի իր կողմից լուծված խնդիրները, այնուհետև սուրճ են խմել և պառկել է քնելու, արթնացել է հաջորդ օրը ժամը 06:30: Նորիկի խոսքերով արթնանալուց հետո ինքը իմացել է, որ Հայկազը չկա:

‹‹Կապիտան Ավետիսյանը հրաման տվեց շարքերով  ինստիտուտի  տարածքում Բարսեղյանին որոնել: Ձայներ լսելուց հետո վազեցի դեպի ձայների կողմը՝ ֆիզհրապարակ և իմացա Բարսեղյանի մահվան մասին, սակայն չմոտեցա դեպքի վայրին: Նրա  մահվան  նախորդ գիշերը չեմ տեսել նրան: Ես Հովհանիսյանն ու Կարապետյանը ամբողջ ժամանակահատվածում եղել  ենք  իրար հետ, դաս  սոսվորել ու սուրճ խմել, այդ ընթացքում  ես միջանցքում ոչ մի արտառոց շարժ չեմ  նկատել»,- հայտնել է ամբաստանյալը:

Քննիչի այն հարցին, արդյո՞ք դեպքի օրը ալկոհոլ օգտագործել է, ամբաստանյալը պատասխանել է՝ ոչ, իսկ հետազոտության արդյունքում արյան մեջ հայտնաբերված ալկոհոլի քանակությունը եղել է թյուրիմածություն: Այն հարցին, թե նրանցից ո՞վ է Հայկազի ձեռագիրը կեղծել և երկտողը դրել պահարանում, ամբաստանյալը պատասխանել է՝ ‹‹Ես կրկնում եմ կապ չունեմ Հայկազի մահվան հետ, հետևաբար չէի կարող ձեռագիր կեղծել»:

Նախաքննական ցուցմունքերի հրապարակումից հետո, ամբաստանյալ Նորիկ Սահակյանը հրաժարվեց պատասխանել իրեն ուղղված հարցերին:

Ցուցմունք տալուց հրաժարվեց նաև գործով ամբաստանյալ Վարզատդատ Սաֆարյանը: Դատավոր Դավիթ Հարությունյանը ամբաստանյալին ցույց տվեց մի քանի լուսանկարներ, որոնք նայելուց հետո ամբաստանյալը պատասխանեց, որ ինքը կա այդ լուսանկարներում և դրանք արվել են հացկերույթի ժամանակ՝  Վաչեի ծննդյան առիթով:

Այնուհետև հրապարակվեցին նաև Վարազդատ Սաֆարյանի նախաքննական ցուցմունքերը, որոնցում վերջինս հայտնել էր, որ ինքն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Վարազդատ Սաֆարյանը պատմել է, որ ամբաստանյալներից մոտիկ է եղել Վաչե Սահակյանի հետ և դեպքի օրը նշել են վերջինիս ծնունդը:

‹‹Դեպքի օրը ես ճաշարան թեև գնացել եմ, բայց շուտ եմ դուրս եկել այնտեղից, հետո գնացել ենք Օպերա՝ համերգի: Ընթացքում զանգեցին մեզ և ասացին, որ տղաների մոտ տնից ուղարկված ուտելիք կա և սպասում են մեզ, որպեսզի միասին ուտենք, այդ ժամանակ ես ու Վաչեն կողք կողքի էինք նստած: Համերգից վերադարձել ենք ու հավաքվել ճաշելու: Եղել է մեկ շիշ օղի, ես խմել եմ այդ ժամանակ 2-3 բաժակ, որպեսզի շնորհավորեինք Վաչեի ծնունդը:  Նշեմ, որ նախապես չէինք որոշել  հավաքվել: Դրանից հետո թակեցին դուռը և ասացին, որ զորամասի հերթապահը շրջում է զորամասով, և ես անմիջապես գնացել եմ իմ մարտկոց քնելու»,- հայտնել է նա:

Ամբաստանյալների նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը, քանի որ գործով մույս ամբաստանայալներ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը վատառողջ էին, վերջիններս դատարանին հայտնեցին, որ ցանկանում են ցուցմունք տալ, սակայն այսօր ի վիճակի չեն:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Նյութի հեղինակ՝ Ջեմմա Հովսեփյան

Մեկնաբանություններ