Դիմումատուն՝ Իգոր Գորիունովը, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1968 թվականին և ներկայումս կալանավորված է Մոլդովայի Ռեզինա քաղաքում։ Դիմումատուն դատապարտվել է մահվան՝ սպանության համար։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ամեն անգամ բանտախցից դուրս գալու ժամանակ իր՝ ձեռնաշղթաներ կրելու որոշման վերաբերյալ։
2011 թվականի մարտին հերթական ստուգայցի ժամանակ հսկիչը Դիմումատուի բանտախցում հեռախոս է հայտնաբերել և որոշում է կայացրել՝ բանտախցից դուրս գտնվելու ժամանակ Դիմումատուին ձեռնաշղթաներով պահելու մասին։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Մոլդովայի ներպետական դատական ատյաններին՝ իրեն հինգ ամիս շարունակ բանտախցի տարածքից դուրս ձեռնաշղթաներով պահելու վերաբերյալ։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Վերջինս բողոքել է, որ իրեն ենթարկել են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ իրեն ստիպել են ձեռնաշղթաներ կրել՝ հիմնավոր պատճառի բացակայությամբ։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 4․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 650 եվրո՝ դատական ծախսերի համար։
Նշված գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։