Կառավարության ծրագրի հիմնական ուղերձները

Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները՝ համառոտ, մեր խմբագրությամբ․

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

 Ամբողջ պետական համակարգում, առավել ևս բանակում, արհեստավարժ անձնակազմի և զորակոչիկների շրջանում անհրաժեշտ է պարտականության զգացողությունը փոխարինել առաքելության զգացողությամբ։

 Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։

Հանրության և հատկապես երիտասարդության շրջանակներից հետևողականորեն արմատախիլ անել այսպես կոչված գողական, քրեածին մտածելակերպի մնացուկները, կառավարությունը հստակ խնդիր է առաջադրում, որ ոչ հրապարակային, այսպես ասած ստվերային հանրային կյանքում գերիշխող տեսակը պետք է լինի ոչ թե քրեածին տարրը, այլ օրինապաշտ, ինտելեկտուալ, ուրիշների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեցող, սեփական և ուրիշների իրավունքները իմացող և հարգող քաղաքացին, ով ճանաչում է հանրային անվտանգության ապահովման հարցում իր պարտականությունները և պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ։

Մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկումը, վերհսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։

 ՀՀ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անուններով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին։ Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպիտի կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա։

Մեկնաբանություններ