Փոխնախարար Քրմոյանը կարևորել է լրատվամիջոցների աշխատանքը քրեակատարողական հիմնարկներում

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 31-ին մասնակցել է ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացի բացմանը, որն իրականացվում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում:

Սուրեն Քրմոյանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի անունից ողջունել է դասընթացի մասնակիցներին և նշել, որ նախարարը բարձր է գնահատում բաց և թափանցիկ եղանակով շփվելու բոլոր հնարավորությունները՝ հատկապես լրատվության միջոցով:

Փոխնախարար Քրմոյանը կարևորել է լրատվամիջոցների աշխատանքը քրեակատարողական հիմնարկներում՝ դատապարտյալների հետ շփման տեսանկյունից:

«Լրագրողը, աշխատելով քրեակատարողական հիմնարկի ներսում, մի շարք խնդիրների է բախվում, որոնց լուծման համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ և հմտություններ՝ մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության և  բժշկական գաղտնիքի պահպանման հարցերում»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը և ընդգծել փակ հաստատություններում օբյեկտիվ լուսաբանում իրականացնելու անհրաժեշտությունն ու «չվնասելու սկզբունք»-ի կիրառումը:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Նշենք, որ «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի նպատակն է ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտությունները, բարելավել փակ հաստատություններում մարդու իրավունքի իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը

Մեկնաբանություններ