Արտակ Զեյնալյանը Մաթիաս Քիսլերի հետ քննարկել է խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ընդհանրապես և հատկապես այս փուլում ԱՆ-ն Կառավարության ամենաառանցքային կառույցն է՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ընտրական օրենսգրքում  բարեփոխումներ իրականացնելով, դատական համակարգը բարեփոխելով և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներով: Այդ համատեքստում դեսպան Քիսլերը Գերմանիայի կառավարության անունից աջակցության է հայտնել նախարարին նշված գործընթացները բարեհաջող իրականացնելու համար:

Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին    պատրաստակամության համար և նշել, որ նոր կառավարությունը վճռական է կյանքի կոչելու հասարակության սպասելիքները՝ որքան հնարավոր է արագ և որակով: Այդ առումով նախարարը կարևորել է վստահելի, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են դատաիրավական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում նոր մեխանիզմների ներդմանը, ինչպես նաև քննարկել պետական ծառայությունները բոլոր բնակավայրեր հասցնելուն ուղղված հարցեր:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ