«Սասնա ծռեր»-ի խափանման միջոցը մնաց անփոփոխ, վերջիններս բոյկոտեցին դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Նիստի ժամանակ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը ցանկանում է մամուլի ասուլիս տալ և այդ առնչությամբ գրությամբ դիմել է ՔԿՀ ղեկավարությանը, սակայն վերջինիս նկատմամբ ԶԼՄ-ների հետ տեսակցության արգելք կա, այդ պատճառով միջնորդեց վերացնել այդ արգելքը:

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը նույնպես դիմեց դատարանին՝ նշելով, որ ինքը ևս դիմել է մամուլի ասուլիս տալու համար, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Վերջինս խնդրեց թույլ տալ դատարանում՝ ընդմիջման ժամանակ շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

«Այսօր այդ նույն մամուլի ասուլիսը ես եմ պահանջում: Ես վստահ եմ, որ այսօր դատավոր Մակյանը խորհրդակցության սենյակից կվերադառանա որպես իսկական դատավոր»,- իր խոսքում նշեց նա:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ միջնորդությանը կանդրադառնա նիստի ավարտին, ինչ վերաբերում է դատարանում ասուլիս տալուն, ապա նման կարգ գոյություն չունի:

Այնուհետև փաստաբան Արայիկ Պապիկյանն անդրադարձավ նախորդ նիստի ժամանակ ներկայացրած միջնորդությանը՝ իր պաշտպանյալներ Արայիկ Խանդոյանին և Վարուժան Ավետիսյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:

«Ես հաստատապես պնդում եմ, որ ո՛չ Խանդոյանը, ո՛չ էլ Ավետիսյանը չեն թաքնվելու և որևէ մեկի վրա չեն ազդելու: Մենք բոլորս՝ այդ թվում նաև դուք, ապստամբեցինք, հեղափոխություն արեցինք և հեղափոխության միջոցով արտահայտեցինք մեր կամքը: Գտնում եմ, որ դատարանը այլ տարբերակ չունի, հակառակ դեպքում հեղափոխության ալիքը անցնելու է նաև դատական իշխանության վրայով»,- ասաց փաստաբանը՝ խնդրելով, այս միջնորդության վերաբերյալ խոսք չտալ դատախազներին:

Այս խոսքերից հետո ապակեպատ պատնեշից այս կողմում գտնվող «Սասնա ծռեր››-ի աջակիցները ծափահարեցին և սկսեցին բղավել՝ «Դատավոր քայլ արա, դատավոր քայլ արա»:

Մյուս պաշտպանները ևս միացան ներկայացված միջնորդությանը՝ հայտնելով, որ իրենց պաշտպանյալների խափանման միջոցը ևս պետք է փոխվի: Պաշտպանները նշեցին, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել և դատարաններն այսուհետ պետք է արդար որոշումներ կայացնեն:

«Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանն էլ կոչով դիմեց դատավոր Մակյանին. «Այսօր շատ պաատմական օր է Պարոն Մակյան: Քե մատաղ, ուզում եմ ասել՝ դուխով, մեր հետ, առաջին քայլն անում ենք»: Արմեն Բիլյանի խոսքին միջամտեց Սեդրակ Նազարյանը, վերջինս հայտնեց, որ ոչ մի պատմական օր էլ չէ և պետք չէ շուտ ուրախանալ. «Պարոն Մակյան մենք լավ գիտենք, որ դու մերժելու ես այդ միջնորդությունը»:

«Դուք հիմա կիլլեռին թողել եք, զենքն եք փակի տակ պահում: Մենք նրա համար ենք, որ էս մարդիկ չփախնեն, ոչ թե մենք չփախնենք: Մենք ունենք բանակ, բանակին համաչափ կալանավոր, մենք բանակին սոված պահում ենք՝ լապատկեքով, ձեռքով, կալանավորին՝ ճնշված: Էսօր փառք Աստծու իմ ազգը իրա իրավունքների տերնա, ինքնա որոշում երկրի կարգավիճակը, ինքնա որոշելու արդարադատությունում այդ սեղանի հետևում ով նստի»,- այս մասին էլ հայտնեց Արայիկ Խանդոյանը:

Իր դիրքորոշումը հայտնեց նաև Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ իրենք իրականացրել են ապստամություն. «Ապստամբության իրավունքը ցանկացած համակարգի մեջ ամենաանհրաժեշտ պայմանն է, առանց դրա գոյություն չունի որևէ մարդկային առողջ համակարգ»:

Մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանը առարկեցին այս միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:

«Սասնա ծռեր»-ի աջակիցները սկսեցին բղավել և վիրավորական արտահայտություններ հնչեցնել դատախազների հասցեին: Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ հայտնեց, որ դահլիճում իրենց պատշաճ դրսևորեն, հակառակ դեպքում նիստերը կանցկացվեն դռնփակ:

Դատավորը  2 ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այդ ընթացքում «Սասնա ծռեր»-ի աջակիցներն ի աջակցություն նրանց փակեցին Արշակունյաց փողոցը:

Խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը, ինչի համար «Սասնա ծռեր» խմբի անդամներն ու նրանց պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը: Սա տեսնելով ապակեպատ պատնեշից այս կողմում գտնվող անձինք ևս բոյկոտեցին նիստը՝ հեռանալով դատարանից:

Հիշեցնենք, որ արդեն 1,5 ամիս «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերը չէին կայանում, ինչը պայմանավորված էր երկրում տիրող հասարակական գործընթացներով: