Տարվա առաջին եռամսյակում ՄԱԿ-ը ստացել է ավելի քան 50 բողոք՝ սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ

 Այս տարվա առաջին եռամսյակում ՄԱԿ-ը ստացել է ավելի քան 50 բողոք՝ սեռական շահագործման և բռնության վերաբերյալ։ Բողոքների մեջ հիշատակվում են նաև այն անձանց անունները, ովքեր ծառայում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) շարքերում։ ՄԱԿ-ին ներկայացված բողոքներից շատերը դեռևս չեն ստուգվել և հաստատվել, սակայն նախնական տվյալների համաձայն՝ երեք ամսվա ընթացքում 66 անձ սեռական հետապնդման և շահագործման զոհ է դարձել, այդ թվում՝ 18 տարին չլրացած դեռահաս աղջիկներ։ Այս մասին Նյու-Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՄԱԿ-ի մամուլի գրասենյակի ներկայացուցիչ Ֆարհան Հակը։ Նրա խոսքերով՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակաշրջանում ՄԱԿ-ը ստացել է 54 բողոք։ Բողոքների մեջ հիշատակվում են նաև ՄԱԿ-ի աշխատակիցներից ոմանց անունները։ Ֆարհան Հակը նշել է, որ ՄԱԿ-ում աշխատում են 95․000 քաղաքացիական աշխատակիցներ, 90․000 զինվորականներ և ոստիկաններ։ Աշխատակիցների վատ վարքի դրսևորումը բացասական ազդեցություն է թողնում ՄԱԿ միջազգային կազմակերպության լավ համբավի և մյուս աշխատակիցների գործունեության վրա։

«ՄԱԿ-ի աշխատակազմի յուրաքանչյուր անդամի անվանն առնչվող բողոքը խաթարում է մեր կազմակերպության արժեքներն ու սկզբունքները, խոչընդոտում է մյուս աշխատակիցների ծառայությանը և վնաս է հասցնում ՄԱԿ-ի այն աշխատակիցների հեղինակությանը, ովքեր արժանապատվորեն կատարում են իրենց ծառայությունն աշխարհի ամենավտանգավոր վայրերում»,- նշել է Ֆարհան Հակը։

Հիմք ընդունելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար  Անտոնիու Գուտերրիշի հայտարարությունը սեռական շահագործման և բռնության վերաբերյալ ստացած բողոքների մասին՝ Ֆարհակ Հակը նաև հավելել է, որ նման ամոթալի երևույթը վերացնելու համար ՄԱԿ-ում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերրիշը նաև խոստացել է, որ ՄԱԿ-ն իր առաքելությունն է համարում օգնել այդ հանցագործություններից տուժած անձանց, և ամեն հնարավոր միջոց պետք է ձեռնարկվի՝ այդ հանցագործության զոհերին աջակցելու համար։

Մեկնաբանություններ