Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես եկավ Հանրապետության հրապարակում, վերջինս իր խոսքը սկսեց՝ «Ժողովուրդ ջան, էսօր Էս ի՞նչ արեցիք» տողերով: Նշենք, որ այս պահին Հրապարակը մարդաշատ է:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արդեն ամբողջ աշխարհն է տեսնում, որ սա ժողովրդական, ոչ բռնի և թավշյա հեղափոխություն է, որով հաղթանակ են տանելու, իսկ իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնում իրենց հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ:
«Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին Հայաստանի Հանրապետությունում: Սերժ Սարգսյանի իշխանությունը մահացած է: Հայաստանի Հանրապետությունում՝ այո՛, մենք երկխոսում ենք իշխանության հետ, որովհետև ժողովուրդն իշխանությունն իր ձեռքն է վերցրել: Մենք երկխոսում ենք այստեղ, հիմա Հայաստանի Հանրապետության ամենաուժեղ, ամենահզոր և հավերժական իշխանության հետ»,- իր խոսքում նշեց նա:
Փաշինյանը հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում երկխոսել քաղաքական դիակի հետ, իսկ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է. «Եթե Սերժ Սարգսյանն օր առաջ բացի աչքերը և հրաժարական տա, ապա դա միայն օգուտ կբերի և՛ իրեն, և՛ Հայաստանի Հանրապետությանը»:
Վերջում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց վաղը 11:00-ից սկսել և անել նույն քայլերն, ինչ այսօր:
«Ես վաղը 11:00-ից քայլարշավը կսկսեմ 7-րդ Մասիվի «Նոր տուն» տարածքից»,- հայտնեց նա: