Չարաշահումներ են բացահայտվել Վանաձորում սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել Վանաձորում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:2018 թվականի ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Վանաձորում քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար գումար պահանջելու և ստանալու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 311. 1–րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 312.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Ձեռնարկված համատեղ  անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը և «Հայփոստ» ՓԲ ընկերության Ազնվաձորի փոստային մասնաճյուղի աշխատակիցը, պարզվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, 2006-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու համար, վերջիններիցս տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է գումար: Նախնական տվյալներով՝ գումարներն ստանալու գործընթացում մարզպետարանի աշխատակցին օժանդակել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Ազնվաձորի փոստային մասնաճյուղի աշխատակիցը:

Քննությամբ արդեն պարզվել են 5 տարբեր անձանց նպաստի տրամադրումը կազմակերպելու համար ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքեր։

Ապրիլի 11-ին ձերբակալվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ապօրինի վարձատրության դրսևորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ