Դիմումատուները՝ Վարդան Նալբանդյանը և Նելլի Դանիելյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1949 և 1987 թվականներին, ապրում են Երևանում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչը Դիմումատուների գործով ներկայացել է Գևորգ Կոստանյանը։
Առաջին Դիմումատուն՝ Վարդան Նալբանդյանը, երկրորդ Դիմումատուի (Նելլի Դանիելյանի) մահացած մոր եղբայրն է։
Առաջին Դիմումատուն և երկրորդ Դիմումատուի մայրը (մահացել է 2006 թվականին) 45.5 քմ մակերեսով տան համատեղ սեփականատերեր են։ Տունը կառուցվել է 0.14323 հեկտար չափի հողամասի վրա, որի սեփականատերն է համարվում առաջին Դիմումատուն, իսկ հողամասի 12/13-րդը պատկանում է պետությանը։ Տունը և հողամասը գտնվում են Երևան քաղաքի Արամի փողոց 68 հասցեում։
Երկրորդ Դիմումատուի մոր մահից հետո Դիմումատուները հավասարապես դարձել են տան ժառանգորդներ։ 2005 թվականի դեկտեմբերի 22-ին առաջին Դիմումատուն ստացել է ժառանգական իրավունքի վկայագիր, որի հիման վրա Արամի փողոց 68 հասցեում գտնվող տան ¼ մասը պատկանում է իրեն։ Նույն օրը ժառանգական իրավունքի վկայագրի հիման վրա երկրորդ Դիմումատուն նույնպես դարձել է ժառանգորդ։ Այսպիսով, ժառանգատուին պատկանող գույքը հավասարապես բաժանվել է երկու Դիմումատուների միջև։
Դիմումատուները բողոքել են, որ ժառանգատուի (մահացած անձի) համասեփականության իրավունքը հողամասի նկատմամբ գրանցված չէ, այդ պատճառով իրենք իրավունք չունեն ստանալ ժառանգությունը։
2005 թվականի օգոստոսի 6-ին առաջին Դիմումատուն և ժառանգատուն «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» (ՀՈԱԿ)-ի կողմից ծանուցում են ստացել Արամի 68 հասցեում գտնվող տան և հողատարածքի սեփականազրկման մասին։ ՀՈԱԿ-ն առաջարկել է առաջին Դիմումատուին և ժառանգատուին գույքի և հողամասի նկատմամբ իրենց պատկանող սեփականության իրավունքը փոխանցել պետությանը և փոխհատուցում ստանալ։ Վերջիններս մերժել են այս առաջարկը։ 2006 թվականին` ժառանգատուի մահից հետո, երկու Դիմումատուները նորից են մերժել նույն առաջարկը։
2007 թվականին ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մերժել է սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ Դիմումատուների ներկայացրած հայցը` այն հիմքով, որ գույքը բռնագրավվել է պետության կողմից, պետությունն է համարվում այդ հողատարածքի սեփականատերը, և այդ հասցեում գտնվող կառույցներն արդեն քանդվել են։ 2009 թվականին Վճռաբեկ դատարանը մերժել է Դիմումատուների բողոքն այս որոշման դեմ՝ փաստարկների բացակայության պատճառով:
Դիմումատուները բողոքել են Վճռաբեկ դատարանի 2004 թվականի մայիսի 31-ին ի օգուտ առաջին Դիմումատուի և ժառանգատուի կայացրած որոշման և 2005 թվականի սեպտեմբերի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումների չկատարման համար։ Դիմումատուներն իրենց հայցի մեջ նշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք) խախտում։
Պատասխանող պետությունը պնդում է, որ Դիմումատուներն իրենց հայցերը դատարան չեն ներկայացրել որոշումները բողոքարկելու համար սահմանված վեցամսյա ժամկետում։ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները չեն կարող համարվել վերջնական, քանի որ 2006 թվականի մարտի 28-ին Դիմումատուները պայմանագիր են կնքել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» (ՀՈԱԿ)-ի հետ, ինչի արդյունքում նրանք կամավոր հրաժարվել են գույքի նկատմամբ սեփականության իրավունքներից և փոխանցել են Արամի 68 հասցեում գտնվող տան և հողատարածքի սեփականության իրավունքը պետությանը։
Այսպիսով, Դիմումատուները կամավոր կերպով կնքել են պայմանագիր և պետության կողմից ստացել են 31․069․182 ՀՀ դրամ (մոտավորապես 54․400 եվրո) գումարի չափով փոխհատուցում։ Նրանց դիմումները մերժվել են բողոքարկման ժամկետի լրանալու պատճառով։ Հետևաբար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է Դիմումատուների հայցն անընդունելի։